ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: 698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում առաջարկը քննարկվելու է հաջորդ շաբաթ: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ՍՓԻԵՐԻ ԼՐԱՑՈՒՄԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՆ
ԱՄՆ Կոնգրեսի` հայկական հարցերով հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիերն էլ նույն ակտին մեկ այլ լրացում է ներկայացրել, որով ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արվում ներկայացնել զեկույց, որում փաստաթղթավորված են Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը կրկին շրջանցելու պատճառները: Սփիերը նաև պահանջել է, որ ներկայացվելիք զեկույցում տեղեկություն լինի այն մասին, թե արդյո՞ք Ադրբեջանին ցուցաբերված ամերիկյան աջակցությունը չի վնասել Արցախում խաղաղության գործընթացին։
ՆՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Երեկ Ջոնսոնը Sky News-ին տված հարցազրույցում ներողություն էր խնդրել ընտրողներից Քրիս Փինչերի նշանակման համար, որը մեղադրվում է սեռական ոտնձգություններ կատարելու համար։ Դա եղել է` գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Ջոնսոնի հարցազրույցից րոպեների տարբերությամբ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հրաժարական են ներկայացրել։ Նրանց օրինակին են հետևել նաև այլ պաշտոնատար անձինք։
Չնայած ստեղծված վիճակին` Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։
ԲԱԼԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ G20-Ի ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Վաղը Բալիում տեղի կունենա G20 երկրների արտգործնախարարների հանդիպումը։ Նախարարներից շատերն այսօր արդեն այսօր մեկնել են Ինդոնեզիա: Բալի է մեկնել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ G20-ի առաջիկա հանդիպման ժամանակ չպետք է ակնկալել երկկողմ բանակցություններ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև։ Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը նույնպես հայտնել էր, որ Ինդոնեզիայում G20-ի նախարարական նիստի շրջանակում Լավրով-Բլինքեն հանդիպում նախատեսված չէ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, G20 է գնում կառուցողական տրամադրվածությամբ՝ համաշխարհային խնդիրները քննարկելու համար։
ԹԵՀՐԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼ. ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով երեկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցին՝ Իրանի արտգործնախարարը գրել է, որ Թեհրանը դեռ պատրաստ է բանակցել՝ ամուր և կայուն համաձայնության հասնելու համար։ Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ հիմա արդեն Վաշինգտոնը պետք է որոշի՝ ցանկանում է որ համաձայնությունը կայանա՞, թե՞ շարունակում է իր միակողմանի պահանջները:
Ավելի վաղ, Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել էր, որ օրերս Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ։ Անդրադառնալով թեմային՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է միջուկային համաձայնագրի բանակցությունների ընթացքում Իրանի կողմից հավելյալ պահանջների ներկայացմամբ: Նեդ Փրայսը նշել է, որ այս պահին Իրանի հետ ծրագրված բանակցությունների նոր փուլ դեռ նախանշված չէ: