Ջիվան Գասպարյանի հիշատակի օրն է, և Պանթեոնում դուդուկահարների խումբը Ջիվան Գասպարյան կրտսերի հետ կատարում է ծիրանափողի չգերազանցված Վարպետի սիրելի մեղեդիներից մեկը: Արդեն մեկ տարի է՝ ինչ մեզ հետ չէ վիրտուոզ երաժիշտը, որն անհամեմատ ընդլայնեց հայկական դուդուկի ավանդական լսարանը և ծիրանափողի հոգեպարար մեղեդիները վերածեց միջազգային մեծ բեմերի, բարձրարվեստ կինոյի ու հզոր հնչողության երաժշտության: Հիմա համաժողովրդական սիրո և գնահատանքի միջոցառումներով պետք է արժանին մատուցվի Վարպետի հիշատակին:
Վահրամ Դումանյան (ՀՀ ԿԳՄՍ նախարար) - Նա արժանի վաստակով արժանացավ «Դուդուկի արքա» տիտղոսին, և նախարարությունը նախատեսում է կազմակերպել նրա անվան միջազգային փառատոն:
Արա Խզմալյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև քննարկումներ, համաժողովներ և իրազեկման այլ միջոցառումներ:
Հիմա արդեն Վարպետի շիրիմն ամբողջանում է նրա հիշատակը հավերժացնող հուշարձանով, որի հեղինակն ու ճարտարապետը Ջիվան Գասպարյանի երկարամյա բարեկամ, քանդակագործ Ալեքսան Բաբայանն է: Տևական ժամանակ աշխատել է արձանի տարբեր նախագծերի վրա, ստեղծել տարբեր ու բազմազան ջիվաններ, բայց վերջապես Վարպետի ընտանիքի՝ դստեր՝ Նարինե Գասպարյանի և թոռների հետ ընտրեցին հենց այս տարբերակը: Ստեղծագործական պրոցեսի ամբողջ ընթացքում զգացել է Վարպետի ոգեշունչ ներկայությունը:
Ալեքսան Բաբայան (քանդակագործ) - Ջիվանը արմատներով հողի մեջ էր, և երբ աշխատում էի, Յութուբը միշտ իր երաժշտությունն էր բերում, հենց ավարտեցի՝ դադարեց:
Այն, ինչ նա թողել է որպես ստեղծագործական ժառանգություն, դեռ արժևորման կարիք ունի, և Ջիվան Գասպարյան կրտսերն ընդգծում է՝ ամեն ինչ անելու են, որ նրա ստեղծած ավանդույթը շարունակական լինի:
Ջիվան Գասպարյան (դուդուկահար, Ջիվան Գասպարյանի թոռը) - Իր ստեղծագործական վերելքի ճանապարհին Վարպետն իր փոքրիկ գործիքով ջնջեց բոլոր սահմանները և լեգենդար երաժիշտների հետ արժանիորեն հնչեցրեց դուդուկը՝ հայկական թախծի, կարոտի ու սիրո երաժշտության տարածումը վերածելով իսկական միջազգային հաղթարշավի: