ՌԴ-Ն ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է ԿՐՈՒՄ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՐ. ԼԱՎՐՈՎ
Մոսկվան պատրաստ է պատասխանատվություն կրել իր դիրքորոշման համար և միշտ այնպես է բանակցում, որ հետո չամաչի՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև գաղտնի բանակցությունների տեքստի՝ ֆրանսիական կողմի կազմակերպած արտահոսքը:
«Կարծում եմ, որ դիվանագիտական էթիկան չի ենթադրում արձանագրության նման միակողմանի արտահոսք»,- ասել է Լավրովը՝ հիշեցնելով, որ Մոսկվայի պրակտիկայում ևս եղել է դեպք, երբ հրապարակվել է ֆրանսիացի և գերմանացի գործընկերների հետ իր բանակցությունների սղագրությունը:
«Բայց նախքան Ֆրանսիայի և Գերմանիայի գործընկերների հետ իմ բանակցությունների բովանդակությունը հրապարակելը, մենք երեք անգամ զգուշացրել ենք նրանց, որ եթե հստակ բացատրություններ չստանանք, թե ինչու են նրանք հրաժարվում իրենց անմիջական մասնակցությամբ համաձայնեցված փաստաթղթերից, ապա ստիպված կլինենք դրանք հանրայնացնել: Նրանք երեք անգամ էլ լռությամբ են պատասխանել, ուստի այստեղ մի փոքր տարբերություն կա»,- եզրափակել է Լավրովը։
ՌԴ-Ն ԽԱՐԿՈՎՈՒՄ ՍՏԵՂԾԵԼ Է ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄ
Ռուսաստանը Խարկովի շրջանում ստեղծել է ժամանակավոր քաղաքացիական վարչակազմ` հայտնել է կառույցի ղեկավար Վիտալի Գանչևը: Նա մանրամասնել է, որ մարզում ձևավորվելու են նաև չորս մարզային ժամանակավոր քաղաքացիական վարչակազմեր. Ռուսաստանի վերահսկողության տակ անցած շրջաններում գրիվնայի փոխարեն շրջանառության մեջ է դրվելու ռուբլին:
Խարկովի շրջանով հետաքրքրված է նաև Վարշավան: Լեհաստանը մտադիր է աջակցել Ուկրաինային՝ շրջանի վերականգնման գործընթացում՝ հայտարարել է երկրի փոխարտգործնախարարը: Մարչին Պշիդաչը նշել է, որ ավելի վաղ նման որոշում են կայացրել վարչապետ Մատեուշ Մորավեցկին և նրա ուկրաինացի գործընկեր Դենիս Շմիգալը։
Լեհ փոխարտգործնախարարը նաև ընդգծել է, որ Վարշավան առաջարկում է այդ գործընթացը ֆինանսավորել ռուսական արժութային պահուստների բռնագրավումից ստացված միջոցների հաշվին։
ԵՄ-Ն ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՌԱՋԱՐԿԸ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի ներկայացրած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը:
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սթևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցություն են հայտնել առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը:
Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը:
Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է Ֆրանսիայի առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ:
ԻՏԱԼԻԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ 9 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո երկու երկրների միջև ստորագրվել է համագործակցության 9 համաձայնագիր: Հուշագրերը ներառում են գիտական և տեխնոլոգիական, քաղաքացիական պաշտպանության ոլորտներում համագործակցություն, ռազմապաշտպանական ոլորտներում գաղտնի տեղեկատվության փոխանակում, միմյանց վարորդական իրավունքի վկայականների ճանաչում, դիվանագետների պատրաստման ծրագրեր և այլն:
ԱՄՆ-ՈՒՄ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻՆ ՀՐԱԶԵՆԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ 200 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ
ԱՄՆ-ում հանգստյան օրերին հրազենի կիրառմամբ միջադեպերի հետևանքով մոտ 200 մարդ է մահացել` այդ թվում՝ 2 երեխա և 10 դեռահաս։ Եվս 542 մարդ վիրավորվել է։
Նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ գրանցվել է 414 նման միջադեպ, որոնցից 16-ը եղել են զանգվածային կրակոցներ։ Հուլիսի 4-ին ԱՄՆ Անկախության օրվա շքերթի ժամանակ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ։ Միջոցառումն անցկացվել է Չիկագոյի հյուսիսային արվարձանում՝ Հայլենդ պարկում։ Միջադեպերին անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահը: Քամալա Հարիսը Կոնգրեսին կոչ է արել ավելին անել զենքի վերահսկման և բռնությանը վերջ դնելու համար: