ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԻՆ ԱՆՀԱՊԱՂ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԿՈՉ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է լրացում 2023 թվականի բյուջետային տարում Ազգային անվտանգության հատկացումների ակտին, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց: 698-րդ լրացմանն իրենց աջակցությունն են հայտնել մեկ տասնյակ կոնգրեսականներ:
Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովում առաջարկը քննարկվելու է հաջորդ շաբաթ: Հանձնաժողովում Ազգային անվտանգության հատկացումների ակտի լրացումներն ընդունելու պարագայում դրանք քվեարկության կդրվեն արդեն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:
ԵՄ-Ն ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԵԼ ՌԴ ԴԵՄ. ԲՈՐԵԼ
Եվրամիությունը չի պատրաստվում պատերազմել Ռուսաստանի դեմ. հիմնական պատասխանն Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողության պատժամիջոցներն են՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչը՝ մանրամասնելով, որ դրանց հետևանքներն ավելի ու ավելի տեսանելի են դառնում:
Ժոզեպ Բորելի խոսքով՝ պատժամիջոցները ազդում են նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի վրա և խոչընդոտում նավթի արդյունահանմանը։ «Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են այնպիսի բարձր ճշգրտության հրթիռներ արտադրելու, ինչպիսիք «Իսկանդերը» և X-101-ն են»,- ասել է Բորելը: Դիվանագետը հայտարարել է՝ Ռուսաստանից հեռանում են նավթ արդյունահանող արտասահմանյան ընկերությունները, բացի դրանից, բարդ իրավիճակ է ստեղծվել այնպիսի առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման հարցում, ինչպիսին հորիզոնական հորատումն է։
ՆՈՐ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆԵՐ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ
Մեծ Բրիտանիայում 5 բարձրաստիճան պաշտոնյաներ հետևել են ֆինանսների և առողջապահության նախարարների օրինակին և հրաժարական տվել վարչապետ Բորիս Ջոնսոնի շուրջ ծագած սկանդալի պատճառով: Երկու նախարարների հրաժարականից ժամեր անց նոր նշանակումներ են արվել: Երկրի առողջապահության նախարարությունը կգլխավորի Ջոնսոնի վարչակազմի ղեկավար Սթիվ Բարքլին, իսկ Թագավորության ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրել է Պահպանողական կուսակցության անդամ Նադ-հիմ Զահավին:
Անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած ծեծկռտուք էր սարքել։ Երեկ Բորիս Ջոնսոնը ներողություն է խնդրել և խոստովանել, որ սխալ բան է արել: Հայտարարությունից մեկ ժամ անց ֆինանսների և առողջապահության նախարարության ղեկավարները հրաժարական տվեցին:
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ
Ռուս-ուկրաինական հակամարտությունը, աշխարհում հասունացող հացահատիկի ճգնաժամն ու միգրացիոն մի շարք այլ հարցեր քննարկել են Թուրքիայի նախագահն ու Իտալիայի վարչապետը: Հանդիպման ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարևորել է ուկրաինական հակամարտության բանակցային գործընթացին վերադարձն և հացահատիկային միջանցքի բացման անհրաժեշտությունը: Էրդողանը ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին մտահոգություն է հայտնել, որ աշխարհում ահագնանում է անօրինական փախստականների խնդիրը: Մարիո Դրագին նշել է, որ չնայած Իտալիան միշտ բաց է եղել ընդունելու փախստականներին, բայց նույնիսկ Իտալիան ունի սահմանաչափ, որն արդեն հատվել է:
ԹԵՀՐԱՆԸ ԴԵՌ ՊԱՏՐԱՍՏ Է ԲԱՆԱԿՑԵԼՈՒ. ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ
Թվիթերյան միկրոբլոգում անդրադառնալով երեկ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցին՝ Իրանի արտգործնախարարը գրել է, որ Թեհրանը դեռ պատրաստ է բանակցելու՝ ամուր և կայուն համաձայնության հասնելու համար։ Ամիր Աբդոլլահիանը հավելել է, որ հիմա արդեն Վաշինգտոնը պետք է որոշի՝ ցանկանո՞ւմ է որպեսզի համաձայնությունը կայանա, թե՞ շարունակում է իր միակողմանի պահանջները: Ավելի վաղ Իրանի միջուկային հարցով ԱՄՆ բանագնաց Ռոբերտ Մալին հայտարարել էր, որ օրերս Դոհայում կայացած բանակցությունների ժամանակ Թեհրանը նոր պահանջներ է առաջ քաշել, որոնք կապ չունեն իրանական միջուկային ծրագրի հետ։ Անդրադառնալով թեմային՝ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները հիասթափված է միջուկային համաձայնագրի բանակցությունների ընթացքում Իրանի կողմից հավելյալ պահանջների ներկայացմամբ: Նեդ Փրայսը նշել է, որ այսօր Իրանի հետ ծրագրված բանակցությունների նոր փուլ դեռ նախանշված չէ: