Հուլիսի 4-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպել է ալ-Ազհարի գերագույն իմամ Ահմադ Մուհամադ ատ-Տայիբի հետ։ Այս մասին հայտնում են Եգիպտոսում ՀՀ դեսպանությունից:
Օգտվելով առիթից՝ ՀՀ դեսպանը շնորհավորել է գերագույն իմամին Այդ ալ-Ադհա տոնի կապակցությամբ։
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել թանգարան-ինստիտուտ Մատենադարանի և ալ-Ազհարի համալսարանի միջև ստեղծել համագործակցություն՝ Մատենադարանի արաբերեն և արաբատառ հազարավոր ձեռագրերը ուսումնասիրելու և պահպանելու նպատակով։ Քննարկվել են մի շարք այլ հարցեր։
ՀՀ դեսպանը և գերագույն իմամն անդրադարձ են կատարել նաև հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների պատմությանը՝ ընդգծելով հայ համայնքի դերակատարությունը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև՝ Եգիպտոսի պետականաշինության գործում։