Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հյուսիսային Մակեդոնիային հորդորել է աջակցել Ֆրանսիայի առաջարկած փոխզիջումային առաջարկին՝ հարևան Բուլղարիայի հետ վեճին վերջ տալու համար, որն արգելափակում է Եվրամիությանը Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցելու հայտը, գրում է AP-ն:
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Սթևո Պենդարովսկին և կառավարությունը աջակցել են առաջարկվող գործարքին, որը կոչ է անում երկրին իր սահմանադրությամբ ճանաչել էթնիկ բուլղարական փոքրամասնության գոյությունը: Դա կարող է նպաստել երկկողմ վեճի կարգավորմանը, որը խոչընդոտում է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության գործընթացը:
Ընդդիմության և ցուցարարների կարծիքով՝ փաստաթղթում առաջարկվող զիջումները խախտում են մակեդոնացիների ազգային, մշակութային և պատմական իրավունքներն ու շահերը:
Մի քանի հարյուր մարդ Սկոպիեում մասնակցել է ֆրանսիական առաջարկի դեմ բողոքի ցույցին։ Ակցիայի մասնակիցները փորձել են գրոհել կառավարական շենքերը, խորհրդարանի մոտ էլ քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանության և ցուցարարների միջև բախման հետևանքով տուժել է 47 մարդ: