ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան նստաշրջանում:
Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Հարգելի՛ խորհրդարանականներ,
Ահաբեկչության և դրա զոհերի մասին խոսելիս, նույնկերպ ինչպես մարդու իրավունքների դեպքում, մեր մոտեցումը չի կարող լինել ընտրողական: Մենք չենք կարող միայն մի տարածաշրջանում բարձրաձայնել ահաբեկչության զոհերի մասին և լռել այլ վայրերի մասին:
Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ավելի քան 10 երկրների գործընկերներիս` բանաձևում մեր կողմից ներկայացված փոփոխություններին կողմ քվեարկելու համար, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը հենց այն պատճառով, որ այնտեղ ապրող ժողովուրդը զոհ է ահաբեկչության և ռազմական հանցագործությունների և անգամ այսօր կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև:
Առաջ մղել թեզ, թե հակամարտությունը կարգավորված է, փաստացի նշանակում է ստիպել ձեզ բոլորիդ ընդունել, որ միջազգային իրավունքը մահացել է: Ավելին, ես համարում եմ, որ քվեարկությունը, որով որոշվեց լռել և ընդունել, որ հակամարտությունը լուծված է, թողնում է բաց և ցավոտ հարցեր, որոնցից կարևորագույնը Լեռնային Ղարաբաղում ապրող ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցն է:
Իրականությունն այն է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ունենա համապարփակ կարգավորում, քանի որ չեն վերացել ո՛չ մարդիկ, ովքեր ապրում են Լեռնային Ղարաբաղում, ո՛չ նրանց անվտանգային խնդիրներն ու իրավունքները:
Երբ մենք թույլ ենք տալիս մեզ չհասցեագրել այս խնդիրները, մենք կանաչ լույս ենք վառում այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք կարող են հետևել Ադրբեջանի ղեկավարի խոսքերին, որոնք ես կմեջբերեմ. «Ես ասացի, որ եթե հայերը չհեռանան մեր հողերից իրենց կամքով, ապա մենք նրանց կքշենք շների պես»:
Ես դեռևս հույս ունեմ, որ որևէ մեկը չի ցանկանում հայտնվել այնպիսի քաղաքականության պաշտպանի դիրքում, որը հանգեցնում է վերը նշվածին, քանի դեռ շատ ուշ չէ:
Դասեր չքաղելը երաշխավորված կերպով տանելու է մեզ դեպի ապագա մարդկային ողբերգություններ, և այս առումով ո՛չ քաղաքականությունը, ո՛չ որևէ գումար չեն կարող ավելի թանկ լինել, քանի մարդկային կյանքերը»,- իր ելույթը եզրափակել է Հռիփսիմե Գրիգորյանը: