Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից նախագծերի փաթեթը:
Ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ «Պաշտպանության մասին» օրենքում նորովի են շարադրվում ոլորտում կառավարության լիազորությունները՝ նպատակ ունենալով հստակ ամրագրել Սահմանադրության մի շարք հոդվածներով Կառավարությանը վերապահված իրավասությունները, ի դեմս ՀՀ միջազգային պայմանագրերին համապատասխան ՀՀ տարածքից դուրս ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խաղաղապահ կամ ռազմական գործողությունների մասնակցության, ռազմական դրություն հայտարարելու, պատերազմ հայտարարելու կամ խաղաղություն հաստատելու մասին ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու, ԱԺ նիստ գումարելու անհնարինության դեպքում պատերազմ հայտարարելու, ինչպես նաև ԶՈՒ գործունեությունն ապահովող ուղղություններով որոշումների ընդունման:
Առանձին խմբավորվում և սահմանվում են զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտում իրավասությունները՝ նպատակ ունենալով դրանց հաղորդել համակարգային բնույթ: Անվտանգության խորհրդի կողմից ընդունվող մի շարք պլաններ և ծրագրեր ներառվում են ՀՀ պաշտպանության պլանում՝ որպես Սահմանադրությամբ սահմանված պաշտպանության ոլորտի հիմնական ուղղությունները ներառող մեկ միասնական փաստաթուղթ:
«Խմբագրվում և հստակեցվում են պաշտպանության նախարարության և ԶՈՒ ԳՇ ու պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի լիազորությունների շրջանակը՝ այդ առումով ԶՈՒ ապահովումների գործընթացում պաշտպանության նախարարությանը վերապահելով բոլոր տեսակի նյութատեխնիկական միջոցների, պահեստային տնտեսությունների կառավարման և կենտրոնացված բեռնափոխադրումների կազմակերպման գործառույթները, ԶՈՒ կարիքների համար գնումների գործընթացների իրականացման ամբողջ համալիրը:
ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ի պաշտոնե նախատեսվում է որպես պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ, ինչպես նաև այդ կապակցությամբ համապատասխան առանձնահատուկ կարգավորումներ են կատարվում պետական կառավարման համակարգը կանոնակարգող մի շարք այլ օրենքներում»,- ասաց Պապիկյանը: