ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չի ծրագրում հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ինդոնեզիայում G20 գագաթնաժողովում, որը կանցկացվի հուլիսի 7-8-ը։ Այս մասին հայտարարել է պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը, փոխանցում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը մտադիր է մասնակցել բոլոր հանդիպումներին նախարարական ձևաչափի շրջանակներում, բայց կխուսափի Ռուսաստանի ներկայացուցիչների հետ շփումներից։
Պետքարտուղարությունը նշել է, որ այժմ Բլինքենի և Լավրովի հանդիպման համար «հարմար ժամանակը չէ» G20 գագաթնաժողովի շրջանակում։
«Մենք կցանկանայինք, որ Ռուսաստանն առիթ տար նախարար Լավրովի հետ երկկողմ հանդիպման համար»,- հեռախոսային ճեպազրույցի ժամանակ ասել է գերատեսչության ներկայացուցիչը։
Ավելի վաղ ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտնել էր, որ Ինդոնեզիայում G20-ի նախարարական նիստի շրջանակում Լավրով-Բլինքեն հանդիպում նախատեսված չէ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ, G20 է գնում կառուցողական տրամադրվածությամբ՝ համաշխարհային խնդիրները քննարկելու համար։