«Յունիբանկի» Աշտարակի մասնաճյուղում պայթյունի պատճառը, նախնական վարկածով, գազի արտահոսքն է: Մաքրուհին տեղում մահացել է, երկու աշխատակից տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, ևս 4-ն էլ՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Լուսինե Խաչատրյան («Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար) - Մեր ենթադրությամբ՝ գազի խնդիր է, բայց մասնագետները դեռ աշխատում են, փորձաքննությունից հետո արդեն եզրակացությունը պարզ կլինի:
Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված չորս քաղաքացին էլ վերակենդանացման բաժանմունքում են: Ծանր այրվածքներ է ստացել նաև բանկի կառավարիչը: Տուժածներից մեկը՝ 34-ամյա մի տղամարդ, ծայրահեղ ծանր վիճակում է, նա 45 տոկոս մակերեսով այրվածքներ է ստացել և ավելի երկար կմնա վերակենդանացման բաժանմունքում:
Կարինե Բաբայան (Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն) - Հիմնականում 1-ին չկա, էնտեղ 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի այրվածքներ են, որովհետև բոցը անմիջապես խփել է և՛ դեմքին, և՛ վերին վերջույթներին: Մյուս հիվանդները 15-20-25 տոկոս մակերեսով այրվածքներ են ստացել: Հիմնական հիվանդների ախտանշաններից ամենակարևորը ինհալացիոն այրվածքներն են, այսինքն՝ շնչուղիների այրվածքները: Փակ տարածքում կրակ է եղել, հետևապես, բոցի հետևանքով տեղի է ունենում վերին շնչուղիների այրվածք:
Պայթյունը արձանագրվել է առավոտյան ժամը 9-ին, երբ բանկում եղել են միայն աշխատակիցները: Դժբախտ պատահարից տուժել են նաև քաղաքացիներ, որոնք տվյալ պահին այդ տարածքով անցնելիս են եղել, վնասվել են նաև մեքենաներ;
Արմեն Մինասյան (Աշտարակի բնակիչ) - Ես իմ մեքենայի կողքը կանգնած էի, գազի պայթյունից վնասվածքներ եղավ: Կինս էստեղ է աշխատում, կնոջս բերեցի գործի, արդեն շարժվում էի, պայթյուն եղավ: Ապակու կտորներ ինձ վրա թափվեցին, և ես վնասվեցի:
Ենթադրվում է, որ բնական գազը գիշերն է կուտակվել, ազդանշանման համակարգը միացված չի եղել, և պայթյունը որոտացել է, երբ առաջին համակարգիչն է միացվել:
Աննա Սուքիասյան (Աշտարակի բնակիչ) - Թոռս էստեղ պառկած էր, տեսանք, որ ժողովուրդը խառնված էր, ամբողջ ծուխը գալիս է էստեղ: Բախտներս բերեց, որ էս շուշայի մի տակն ա ջարդվել, թե չէ երեխան էստեղ, շուշեքը թռել էր էս կողմը: Մեր բախտը բերեց, շուշան եթե երկրորդը վնասվեր, լուրջ վնաս կլիներ:
Պայթյունից հետո բանկի ներսում հրդեհ է բռնկվել: Փրկարարները կրակն արագ մեկուսացրել են: Այրվել են նաև բազմաթիվ փաստաթղթեր, վնասվել են բանկոմատը, վճարային տերմինալը և համակարգիչներ:
Պայծառ Սուքիասյան (Աշտարակի բնակիչ) - Մոտեցա, տեսա պատուհանը, լրիվ թղթերը դուրս շպրտած ինչ-որ դիմացից, նկատեցի աղմուկ-աղաղակ, մի երկու վայրկյանի ընթացքում բոլոր կողմերից եկան, լցվեցին, սկսեցին օգնություն ցույց տալ, որը ադյալ էր խնդրում, վերևից էին լցնում, մենք տվեցինք:
Արտակարգ իրավիճակների նախարարությունն այս պահին հստակ պատճառները դժվարանում է նշել: Փորձագետների եզրակացությունից հետո ավելի մանրամասն կներկայացվեն տարածքում տեղի ունեցած պայթյունի հանգամանքները։ Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ` անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառության, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման հոդվածով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: