Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը և տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված է մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
«Տեղեկացնում ենք, որ հիմնականում ամռան ամիսներին, սեզոնային առանձնահատկություններով պայմանավորված, կտրուկ մեծանում է անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար դիմողների քանակը։ Մասնավորապես, աճում են ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու կամ փոխանակելու դիմումները։
Սակայն 2022 թվականն էապես տարբերվում է նախկին տարիներից, քանի որ աննախադեպ ավելացել են օտարերկրյա պետություններում բնակվող մեր հայրենակիցների ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմումները։ Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմել է 9917 /մոտ երեք անգամ ավելի։
Անհամեմատ մեծացել են նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար ներկայացվող դիմումները։ Դիմումատուների մեծ թիվ են կազմում օտարերկրյա պետություններում բնակվող ՀՀ քաղաքացիները, որոնք ամռան ընթացքում գտնվելով Հայաստանի Հանրապետությունում՝ դիմում են ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կամ իրենց ժամկետանց անձնագրերը փոխանակելու համար։
Բացի վերը թվարկվածից, այս տարի ավելացել է նաև երկար ժամանակով Հայաստանում բնակվելու և աշխատելու նպատակով ՀՀ ժամանող օտարերկրացիների թիվը, որոնք ՀՀ-ում իրենց բնակությունն օրինականացնելու, հաշվառվելու, ինչպես նաև հանրային ծառայությունների համարանիշ ստանալու նպատակով դիմում են անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ՝ անհրաժեշտ փաստաթղթերը ձևակերպելու համար։
Մեծացել են ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու նպատակով օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ դիվանագիտական մարմիններ դիմողների թիվը, ինչով պայմանավորված՝ դեսպանություններում և հյուպատոսական հիմնարկներում կատարվում է քաղաքացիների էլեկտրոնային հերթագրում։ Դիմելիության մեծ աճով պայմանավորված՝ նշված մարմիններում արդեն առաջիկա 2-3 ամիսների համար սպառվել է հերթագրվելու հնարավորությունը, ուստի ինչպես ՀՀ քաղաքացիություն ստանալու, այնպես էլ անձնագիր ստանալու կամ փոխանակելու համար անձինք գերադասում են ժամանել Հայաստանի Հանրապետություն՝ տեղում անհրաժեշտ գործողություններ կատարելու նպատակով։
Վերը թվարկված, ինչպես նաև մի շարք այլ գործոններ, օրինակ՝ երեխաներին դպրոց ընդունելու համար հաշվառումների իրականացում, հաշվառման և հանրային ծառայությունների համարանիշի ստանալու տեղեկանքների տրամադրում և այլ հանգամանքներ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում և տարածքային անձնագրային ծառայություններում առաջացրել են մեծ հերթեր։ Անձնագրային և վիզաների վարչությունն իր մարդկային և նյութական ռեսուրսների շրջանակում ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու դիմումատուների պատշաճ սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը, ինչպես նաև քննարկվում են որոշ ծառայություններ էլեկտրոնային եղանակով մատուցելու հնարավորության հարցերը:
Միևնույն ժամանակ, հորդորում ենք Անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ դիմած քաղաքացիներին՝ նկարագրված իրավիճակի պայմաններում դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն և իրենց գործողություններով ավելի չբարդացնել իրավիճակը, մասնավորապես. անձնագրային ծառայություններում տեղադրված հերթերը կանոնակարգող սարքավորումներից չստանալ մեկից ավելի կտրոններ, ստանալ հերթի կտրոն՝ միայն իր համար. առանց ծանոթների կամ բարեկամների համար հերթագրվելու, հերթում դրսևորել պատշաճ վարքագիծ»,- նշված է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պարզաբանման մեջ։