ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այսօր տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:
Արդեն 87 տարի է՝ ինչ Բրյուսովի անվան պետական համալսարանը ճանապարհում է շրջանավարտներին, այս տարի՝ շուրջ 550 հոգու։
Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ուսանողներին և ընդգծել. «ՀՀ Կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը: Հայաստանն այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով՝ գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի, որոնք պատրաստ կլինեն կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին»:
Շրջանավարտներին ողջույնի խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով նրանց բաժին հասած ուսումնական վերջին մարտահրավերներով լի տարիներին: Նախարարը խոնարհումով հիշատակել է նաև 44-օրյա պատերազմում մարտնչած և նահատակված ուսանողներին:
«Այս մթնոլորտում առավել ևս պետք է գիտակցենք, որ ամենահզոր զենքը կրթությունն է՝ սկսած նախադպրոցական շրջանից մինչև բուհ։ Լավ կրթությունը սովորեցնում է ճիշտ մտածել և, ըստ այդմ, ճիշտ որոշումներ կայացնել, քանի որ կրթությունը նաև անվտանգության երաշխիք է,- ասել է նախարարը և հավելել,- ձեզնից շատերը վաղը մեր երկրի գիտական, քաղաքական, մշակութային առաջատարներն են լինելու։ Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը»։
Նախարար Վահրամ Դումանյանը փաստել է, որ ՀՀ Կառավարության ծրագրի մեծ մասը նվիրված է կրթության ու գիտության զարգացմանը՝ որպես պետության առաջնային գերակայություն։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ բուհերն իրենց վարկանիշն էապես կբարձրացնեն աշխարհի բուհերի ցանկում:
Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել է նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը. «Դուք այսօրվանից ստանձնում եք մեր երկրի, ժողովրդի բարօրության մեջ անձնական ներդրում ունենալու պարտավորությունը։ Հայրենիքին ծառայելը մեծագույն երջանկություն է. հաստատակամորեն գնացե՛ք առաջ՝ հաղթահարելով խոչընդոտները»:
Ավարտական երեկոն ուղեկցվել է ուսանողների երաժշտական կատարումներով ու ելույթներով, նախկին շրջանավարտների շնորհավորանքներով: