Տակտով ծափը առաջինն են սովորում «Հասմիկ» ճամբարում։ Այստեղ հիմա հանգստանում է 7-13 տարեկան 365 երեխա՝ 12 ջոկատ։ Ամենափոքրը «Արծիվներն» են։
Ամառային ճամբարը հուլիսի 1-ին է ընդունել այս հոսքը․ «Հասմիկը» մասնավոր է, գույքը՝ ոչ թարմ, բայց ամեն ինչ՝ զուգարանները, ննջարանում սպիտակեղենը՝ մաքուր։ Երեխաների մեծ մասն այստեղ առաջին անգամ է սովորում անկողին հավաքել, աղջիկների մոտ, որ հաստատ՝ ստացվել է։
Երեխաներն այս օրերին պատրաստվում են ճամբարի հանդիսավոր բացմանն ու խարույկին։ Ամեն խումբ իր տաղանդներին է բացահայտում, ամբողջացնում մրցութային ծրագիրը։ Այս տաղավարի ջոկատը՝ Արթուրի առաջարկով «Քոչարի» է պարապում, վայոցձորցի Դավիթն էլ ժյուրիին երգով կզարմացնի։
Տունը, տնեցիներին, երեխաները պնդեցին՝ դեռ չեն հասցրել կարոտել։ Զբաղված են իրար հետ ծանոթանալով, բոլորը տարբեր մարզերից են։
Ծաղկած սարերին ռոմանտիկները փնջեր են կապում, ոմանք՝ գիրք կարդում, մյուսները՝ սերտում ներկայացվող նյութերն այն մասին, թե ի՛նչ պետք է անել արտակարգ իրավիճակի՝ երկրաշարժի կամ անտառային հրդեհի դեպքում։ Ծրագրում նաև արշավներ կան՝ ասում է 7 տարեկանից «Հասմիկում» հանգստացած, այժմ ավագ ջոկատավար Հասմիկը։
Հասմիկ Սիմոնյան («Հասմիկ» ճամբարի ավագ ջոկատավար) - Հասմիկ սարն է, երեխաները բարձրանալու են այնտեղ արշավի, գնալու ենք նաև անտառ, Այլմոլորակայինների բացատ, այն կողմը Եղնիկասարն է, գնալու են երեխաները:
Ամենամեծ միջոցառումը ռազմահայրենասիրական մրցույթն է լինելու, հիմա դեռ տարբեր տարիքային խմբերում քարկտիկ, թաշկինակ՝ այդպիսի խաղեր են խաղում՝ անհամբեր սպասելով ճամբարում խոստացված արկածներին։
Ինտերնետի դարաշրջանի երեխաներին ճամբարային խաղերով հետաքրքրելը իրենց մոտ ստացվում է՝ հպարտանում են տեղի ջոկատավարները։ Չնայած պետական ծրագրով հանգստանալու են գալիս կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների, երբեմն չշփվող, ընկճված երեխաները։
Մուրադ Մուրադյան («Հասմիկ» ճամբարի ավագ մանկավարժ) - Հիմնականում ընդգրկված են սոցիալական խմբերի հետևյալ երեխաները՝ 44-օրյայի և առաջին պատերազմի երեխաները, զոհված և վիրավոր, բազմազավակ և անապահով ընտանիքների երեխաները:
Հանքավանի և Ծաղկաձորի մանկական ճամբարներում, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալով, առաջին հերթափոխով այժմ հանգստանում է 1600 երեխա։
Մանե Գևորգյան («Հասմիկ» ճամբարի ջոկատավար) - Հայրենասիրական երգեր ենք սովորում, ճամբարի երգերը, պարեր, ամեն ինչ սովորած հետ են գնում:
Այս հերթափոխը ընտանիքներ կվերադառնա մոտ 2 շաբաթից, հանգիստը 20 օրով է։ Որ հատկապես մայրիկներն ու տատիկները հանգիստ լինեն, երեխաները վստահեցնում են՝ կուշտ են, ուտում են օրը 4 անգամ, ճամբարի ամենահամեղ ճաշը, միրգ-բանջարեղեն ևս ունեն։ Օրվա հերթապահները ճաշարանում ափսե-գդալ են շարում․ կեսօրի փլավը մակարոն է, առաջինը՝ հսկա կաթսայով կոլոլակով ապուր։
Ճամբարային կյանքի չարաճճիություններից՝ ատամի մածուկով գիշերը քնածների դեմքը նախշելու ավանդույթը, պարզվում է, չի վերացել, բայց դեռ չեն հասցրել՝ խոստովանեցին երեխաները։ Դա էլ կանեն, առջևում 16 օր ունեն։