Հայաստանը սպասում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի արձագանքին՝ հայկական հոգևոր, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ: Բաքուն դեռ տարեսկզբին հայտարարել էր, թե իրենց վերահսկողության տակ անցած հայկական եկեղեցիների հայատառ գրություններն ու հետքերը կեղծ են, դրանք հեռացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծել: Երևանը հարցը բարձրացրել է՝ որակելով Հաագայի դատարանի 2021-ի դեկտեմբերի 7-ի որոշման խախտում: Փաստեր են ներկայացվել նաև Փառուխի, Քարագլխի դեպքերի, մարտին Արցախում գազամատակարարման դադարեցման վերաբերյալ:
Եղիշե Կիրակոսյան (միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցիչ) - Դատարանից խնդրեցինք, որ դատարանը ձեռնարկի քայլեր այս ուղղությամբ: Մեկն այն է, որ դատարանն իր ռեֆորմացված կանոններով իրավունք ունի ստեղծելու երեք դատավորով կոմիտե, որը պետք է հետևի հրատապ միջոցների կիրառմանը: Այս փաստերը վկայակոչելով՝ դա դատարանից պահանջել ենք:
Ադրբեջանը դիմումին պատասխանել է՝ փորձելով ժխտել: Փոխադարձ նամակագրությունը դեռ շարունակվում է: Միջազգային իրավական հարցերի Հայաստանի ներկայացուցիչն ակնկալում է, որ կստեղծվի դատավորների կոմիտե, այն կվերահսկի դատարանի որոշման կատարումը և կզգաստացնի Ադրբեջանին: Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության հայտարարության համաձայն՝ ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին, և նորոգման անվան տակ այն վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Կիրակոսյանի խոսքով՝ բոլոր դեպքերին տրվում է իրավական գնահատական և ներկայացվում դատարան:
Եղիշե Կիրակոսյան - Բացի այն, որ ներկայացրել ենք փաստերը դատարան, հրատապ միջոցի պահանջը, դրա շրջանակում ենք նամակագրություն վարում դատարանի հետ, բայց ունենք Միջազգային դատարանի վարույթի շրջանակում, ՀՀ-ը պատրաստում է հիմնական հայցը, որը հունվարին կներկայացվի դատարան, որն ամփոփում է բոլոր իրավական հիմնավորումները, ապացույցները:
Կիրակոսյանը հիշեցնում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոց կիրառելու 2021-ի որոշումը, որը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել միջոցներ՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության, եկեղեցիների, հուշարձանների, գերեզմանատների դեմ վանդալիզմի, պղծման գործողությունները: Հաշվի առնելով հայկական կրոնական, մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգը՝ Հայ Առաքելական Եկեղեցին ևս գանգատ է ներկայացրել Եվրադատարան:
Եղիշե Կիրակոսյան - Վկայակոչվել է Եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը՝ դավանանքի ազատության, իր հետևորդների անունից, կարծես 3-րդ հոդվածի խախտման փաստ է արձանագրվել, որովհետև գերեզմանների ոչնչացման դեպքերը, օրինակ, որ անձինք հնարավորություն չունեն այցելելու, դա ևս կոնվենցիայի խախտում է: Վստահ եմ՝ զսպող դեր ունի, Հայաստանը պետք է ակտիվ աշխատի:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՎ ՀԵՏՈ ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ Է ՎԱՆԴԱԼԻԶՄԻ 26 ԴԵՊՔ
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ պատերազմի ընթացքում և դրանից հետո արձանագրվել է վանդալիզմի 26 դեպք: Գեղամ Ստեփանյանը նշում է, որ տվյալները պարբերաբար թարմացնում են, փոխանցում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչներին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:
Գեղամ Ստեփանյան (Արցախի մարդու իրավունքների պաշտպան) - Հիմնական աղբյուրը ադրբեջանական մեդիատիրույթն է, գործարկվել են կայքեր, որ արբանյակային միջոցներով, օրինակ՝ Մեծ Թաղերի գերեզմանոցի ոչնչացումը: Շատ ավելին են, կարողացել ենք ապացույցներ ձեռք բերել 26-ի վերաբերյալ:
Դրանք եկեղեցիներ են, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանոցներ: Ցանկը գլխավորում են դեռ պատերազմի ժամանակ կրկնակի հրետակոծված Սուրբ Ղազանչեցոցը, Կանաչ ժամը, Մեխակավանի եկեղեցին, Ծակուռի Ծաղկավանքը, Մատաղիսի Սուրբ Եղիշեն, Հադրութի եկեղեցին: