Պետությունը կաջակցի քաղաքացիներին բնակարանների և տների էներգաարդյունավետ վերանորոգման համար:
Տիգրան Մելքոնյան (ՀՀ ՏԿԵՆ էներգետիկայի վարչության պետ) - Մեր նպատակը էներգախնայողության և էներգաարդյունավետության միջոցառումների լայնատարած կիրառումն է, որը ոչ միայն բարելավելու է մարդկանց կենցաղը, այլև երկարաժամկետ արդյունք է ունենալու:
Կառավարությունը քաղաքացիներին առաջարկում է սուբսիդավորվող վարկեր վերցնել և ռենովացիայի՝ վերակառուցման ենթարկել իրենց բնակարանները:
Տիգրան Մելքոնյան - Տրամադրվող վարկերը տրվելու են բնակարանների համար ոչ ավել, քան 7 մլն դրամ, անհատական տների համար ոչ ավել, քան 10 մլն դրամ: 14 տոկոս տոկոսադրույքն է և 84 ամիս ժամկետով:
Պետությունը սուբսիդավորելու է վարկերի տոկոսադրույքները ամբողջությամբ կամ մասնակի, այնպես, որ սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում շահառուն վարկը կստանա 0 տոկոս տոկոսադրույքով, գյուղական բնակավայրերում՝ 2 տոկոս, քաղաքային բնակավայրերում՝ 3, Երևանում՝ 5 տոկոս տոկոսադրույքով:
Տիգրան Մելքոնյան - Սահմանված են նաև պահանջներ, որ բնակարանի համար ընդհանուր գումարի 20 տոկոսը առնվազն և անհատական տան համար 30 տոկոսն առնվազն պետք է ուղղվի էներգաարդյունավետ միջոցառումների իրականացմանը: Մասնավորապես՝ վերականգնվող էներգետիկ աղբյուրների, օրինակ՝ արևային կայանների, արդյունավետ շինարարական նյութերի, էներգախնայող ջեռուցման համակարգերի, արտաքին դռների, պատուհանների փոխարինմանը, անհատական տների դեպքում՝ նաև արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացմանը:
Վիճակագրական տվյալներով՝ ՀՀ-ում առկա է շուրջ 870 հազար բնակելի միավոր, որի շուրջ 80 տոկոսը շահագործման է հանձնվել խորհրդային տարիներին, դրանց զգալի մասում սեփականաշնորհումից ի վեր վերանորոգման աշխատանքներ և էներգաարդյունավետության միջոցառումներ չեն իրականացվել: Այսինքն՝ տնային տնտեսությունները չեն կարողանում բավարար չափով ջեռուցել իրենց բնակարանները, և դրանց կեսից ավելին կարելի է համարել էներգետիկ աղքատ:
Այս ծրագրով քաղաքացին է որոշում տան վերանորոգումն ինչպես իրականացնել, նաև ծրագրով թույլատրվում է 10-ը տոկոսն ուղղել կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանը:
Տիգրան Մելքոնյան - Դրանք պետք է լինեն Ա+ դասի էներգախնայող կենցաղային տեխնիկա, նաև պահանջ կա 70-80 տոկոսն անկանխիկ և փաստաթղթավորված իրականացնելու:
Բացի բնակֆոնդի թարմացումից՝ Կառավարությունն այս ծրագրով նպատակ ունի մի քանի խնդիր լուծել: Նախ ՝ անհրաժեշտ է մասնագետներին ապահովել աշխատանքով: Երկրորդ՝ վերանորոգելով բնակարանի առանձին մասը՝ քաղաքացին հնարավորություն կունենա վարձով տալ այն: Երրորդ՝ կոմունալ վճարները կնվազեն:
Տիգրան Մելքոնյան - Ավելի էժան է պետության համար խնայել էլեկտրաէներգիան, քան նույն այդ միավոր էլեկտրաէներգիան արտադրել:
Նախարարությունն արդեն շուրջ 1 տասնյակ բանկերի ու վարկային կազմակերպությունների հետ պայմանագրեր է կնքել: Ծրագրին կարող են դիմել բոլորը՝ բացի 4-րդ կարգի վթարային բնակարանների սեփականատերերից: