Հուլիսի 5-ին սոցիալական կայքի օգտատերերից մեկը գրել է, ապա նաև ԶԼՄ-ներում հրապարակում է արվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գիշերային չվերթերի ժամանումից հետո անձնագրային բաժանմունքում Հայաստան ժամանած օտարերկրացիներին մուտքի վիզա տրամադրելու համար աշխատակիցները տեղում չեն եղել, ինչը պատճառաբանվել է, իբրև, ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքով:
Ոստիկանությունը հրապարակման առնչությամբ հանդես է եկել պարզաբանմամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետական սահմանի անցման կետերում ծառայություն իրականացնող բոլոր ստորաբաժանումները, այդ թվում՝ «Զվարթնոց» օդանավակայանի բաժինը, աշխատում են շուրջօրյա ռեժիմով։
Սույն թվականի հուլիսի 4-ի և 5-ի հերթափոխները ծառայությունն իրականացրել և իրականացնում են ամբողջական կազմով, հերթափոխը կատարվել է սահմանված ժամին, և ստորաբաժանումներն իրականացնում են օրենքով վերապահված բոլոր գործառույթները՝ անկախ ոչ աշխատանքային օր լինելու հանգամանքից:
Կրկին խնդրում ենք լրատվամիջոցներին՝ հրապարակել ստույգ և ճշգրտված տեղեկություններ»: