Մայր օրենքի ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են մեր պետության ազգային-պետական տեսլականը՝ շեշտում է վարչապետը Սահմանադրության օրվան նվիրված իր շնորհավորական ուղերձում: Հայաստանն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին: Մեջբերելով Սահմանադրության առաջին երկու հոդվածը՝ Փաշինյանն արձանագրում է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանը միջազգայնորեն ճանաչված է որպես ժողովրդավարական պետություն:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Իշխանությունը ժողովրդին պատկանելու նպատակն իրագործված է, և մեր մեծագույն խնդիրն է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարությունը վերածել երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի: Պիտի արձանագրեմ նաև, որ սահմանադրական մյուս հիմնարար նպատակներն ամրագրելու ճանապարհին մեծ աշխատանք ունենք անելու, և մեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումներն ուղղված են հենց այդ նպատակներին:
Վարչապետը, սակայն, ցավով է արձանագրում, որ չնայած Սահմանադրությամբ ամրագրված դրույթներին՝ ժողովրդավարությունը, խոսքի, կարծիք հայտնելու ազատությունը երբեմն հանգեցնում է ատելության խոսքի, մարդու արժանապատվությունը նվաստացնող խոսույթի: «Ամուր իրավակարգը, անկախ դատական համակարգը, օրինականության մեխանիզմները պիտի դառնան նաև մարդու արժանապատվության պաշտպանության հուսալի երաշխիքներ՝ առանց սահմանափակելու և վնասելու ժողովրդավարական արժեքները, և այս հարցի լուծումը մեր օրակարգի առաջնահերթությունների շարքում է»,- ասում է երկրի ղեկավարը: Այժմ օրակարգում մայր օրենքի բարեփոխումներն են, խորհուրդն արդեն ձևավորված է ու մինչև տարեվերջ պետք է ներկայացվի հայեցակարգի նախագիծը:
Նիկոլ Փաշինյան - Ակնհայտ համարելով, որ Սահմանադրությունը մշտապես զարգանալու, բարելավելու կարիք ունի, միևնույն ժամանակ պիտի ընդգծեմ համոզմունքս, որ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետև 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում:
1995 թվականից ի վեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել՝ ընդհուպ մայր օրենքի արմատական փոփոխությունները՝ արձանագրում է հանրապետության նախագահը՝ շեշտելով, որ բոլոր դեպքերում այն եղել և մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը: Շնորհավորական իր ուղերձում Վահագն Խաչատուրյանն ընդգծում է, որ Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլև մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների և հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:
Վահագն Խաչատուրյան (ՀՀ նախագահ) - Ուստի Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլև զուտ առարկայական և գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների և պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թևերի միջև ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարևորագույն հենասյուներից է:
Հուլիսի 5-ը շնորհավորել է նաև օրենսդիրի ղեկավարը: Մայր օրենքով երաշխավորված իրավունքներն ու ազատությունները Հայաստանի Հանրապետության քաղաքացու հիմնական անցաթուղթն են՝ շեշտել է Ալեն Սիմոնյանը: Ըստ նրա՝ դրանց իրացումը մեր պետության հիմքն ու ժամանակակից աշխարհում սեփական դիմագիծն ունենալու երաշխիքներն են:
Ալեն Սիմոնյան (ՀՀ ԱԺ նախագահ) - Մեր պարտքն է հասնել իրավունքի և օրենքի գերակայության, ինչը Հայաստանի ժողովրդավարության այն նշաձողն է, որին մեր ամենօրյա աշխատանքով պետք է մոտենանք ժամ առ ժամ: Հայաստանյան հասարակությունն իր գործողություններով ապացուցել է, որ մերժում է սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգությունները, ինչը կարևոր ցուցիչ է` հասկանալու, որ ճիշտ ճանապարհին ենք:
Օրվա առիթով շնորհավորանք է հղել նաև բարձր դատարանի նախագահը: Արման Դիլանյանն ընդգծել է, որ պատմական զարգացման տարբեր շրջափուլերում հայ ժողովուրդը մշտապես ցուցաբերել է տոկունություն, խոհեմություն և ապացուցել, որ մեր հասարակության իրական ուժը բխում է ոչ թե տնօրինվող նյութական հարստության չափից, այլ միս ու արյուն է ստանում մեր որդեգրած բարձր արժեքներից:
Արման Դիլանյան (ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ) - Սահմանադրության առանցքը մարդու արժանապատվությունն է, իսկ դրա բաբախող սիրտը քաղաքացին է՝ իր սահմանադրորեն ամրագրված հիմնարար ազատություններով և իրավունքներով, հնարավորություններով և պարտականություններով:
Լինելով զսպումներն ու հակակշիռները մարմնավորող յուրահատուկ իրավաքաղաքական համաձայնություն՝ Սահմանադրությունը կենդանի և ապրող փաստաթուղթ է՝ նշում է Դիլանյանը: Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով՝ սա առավել առաջնային հրամայական է բոլոր նրանց համար, ովքեր ի պաշտոնե ծառայում են մեր պետությանը: