Հայաստանը և Հնդկաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, Նյու Դելիի հետ հարաբերությունների հետևողական զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է:
Շուրջ 6-ամյա ընդմիջումից հետո հունիսի 4-ին տեղի ունեցավ առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստը, որի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրությունը և Հնդկաստանի կողմից համայնքների զարգացման՝ բարձր արդյունավետության ծրագրերի իրականացման համար տրամադրվելիք դրամաշնորհային աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Հայ գործընկերների հետ բանակցություններն արդյունավետ էին, միջկառավարական նիստում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ գոհացնող. երևանյան այցն այսպես է գնահատում հնդկական պատվիրակության ղեկավար, Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման: Նրա խոսքով՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև պատմականորեն առանձնահատուկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք այժմ էլ ավելի են խորանում:
Սանջայ Վերմա (Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար) - Վերջին 10-12 ամիսները շատ արդյունավետ էին երկկողմ ձեռքբերումների տեսանկյունից: Կարծում եմ՝ վերջին 1 տարվա ընթացքում Հայաստանի հետ գործակցությունը ամենաինտենսիվներից է: Ունենք նաև հարաբերությունների զարգացման ճանապարհային քարտեզ: Առաջ ենք շարժվում մի շարք կարևոր ուղղություններով։ Շատ գոհ եմ նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներից, ամեն ինչ գերազանց էր։ Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարար Միրզոյանը, այլ նախարարներ էլ էին ներգրավված: Դա ապացուցում է, որ Հայաստանը կարևորում է այս գործընթացը։ Նիստի շրջանակում քննարկել ենք՝ ինչպես կարող ենք իրականացնել մեր նպատակները, ապահովել երկուստեք ինտեգրման ավելի բարձր մակարդակ, ապահովել, որ մեր երկրների պատվիրակությունների միջև ավելի հաճախ փորձի փոխանակում տեղի ունենա։ Ձեռք են բերվել երկու կողմերի համար ընդունելի պայմանավորվածություններ։
Պատվիրակությունների օրակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ծրագրերի իրականացման, մասնավորապես՝ «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի, Չաբահար նավահանգստի, ինչպես նաև «Պարսից ծոց-Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում գործակցության հեռանկարները:
Սանջայ Վերմա - Սև ծովը Պարսից ծոցի հետ կապելու Հայաստանի ծրագիրն ընթացքի մեջ է, այն կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, Հարավային Կովկասի բարգավաճմանը և խաղաղության հաստատմանը: Մենք լիովին աջակցում ենք այս գաղափարին: Այնուամենայնիվ, հարկավոր է հաշվի առնել նաև ներկայիս իրողությունները՝ մարտահրավերներ, պատժամիջոցներ: Որոշ հարևան երկրների և Հնդկաստանի պատկերացումները գործակցության մասին կարող են տարբերվել: Մեզ համար գործակցությունը մարդկանց միջև կամուրջներ կառուցելն է, տնտեսական հարաբերությունների ընդլայնումը:
ՄԵՆՔ ՈՒՇԱԴԻՐ ՀԵՏԵՎԵԼ ԵՆՔ ԼՂ-ՈՒՄ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՎԵՐՄԱ
Միջկառավարական նիստի և երկկողմ հանդիպումների շրջանակում չեն շրջանցվել նաև Հարավային Կովկասում զարգացումները:
Սանջայ Վերմա - Մենք շատ ուշադիր հետևել ենք Լեռնային Ղարաբաղում իրադարձություններին։ Համոզված ենք՝ նման հակամարտությունները միշտ պետք է կարգավորվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։ Ոչ խաղաղ այլընտրանք լինել չի կարող։ Հուսով ենք, որ տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի՝ հանուն Հարավային Կովկասի և հանուն ամբողջ աշխարհի։
Հայաստան այցի շրջանակում այսօր Սանջայ Վերման այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Չնայած հագեցած օրակարգին՝ Վերման, որն առաջին անգամ էր Հայաստանում, հասցրել է բացահայտել մեր երկրի ջերմությունը և, իր խոսքով, հայ ժողովրդի հյուրընկալությունը: Շեշտում է՝ անհամբերությամբ սպասում է՝ երբ է վերադառնալու Հայաստան՝ ամրապնդելու երկարամյա գործակցությունը և խթանելու երկու ժողովուրդների միջև սերտ հարաբերությունները։