ԿԻԵՎԸ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՄԱԿ-Ի ՀԵՏ
Ուկրաինան բանակցություններ է վարում Թուրքիայի և ՄԱԿ-ի հետ ուկրաինական հացահատիկի արտահանման անվտանգության երաշխիքների շուրջ՝ հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպումից հետո։
«Շատ կարևոր է, որ ինչ-որ մեկը երաշխավորի մեր նավահանգիստներ մտնող տարբեր երկրների նավերի անվտանգությունը՝ բացի Ռուսաստանից, մենք նրան չենք վստահում»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Նա ընդգծել է, որ Կիևն աշխատում է անմիջապես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ․ բանակցություններում կառույցը «առաջատար դիրք» է զբաղեցնում։ Զելենսկին հավելել է, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման ծավալներն օրեցօր ավելանում են։
«Այժմ երկրում կա 22 մլն տոննա հացահատիկ, ակնկալում ենք՝ աշնանը կհաջողվի մոտ 60 մլն տոննա էլ հավաքել»,- եզրափակել է երկրի ղեկավարը։
ԱՄՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է, ԲԱՅՑ ՈՉ ԱՆՑԱՎ. ԲԱՅԴԵՆ
Ջո Բայդենը ԱՄՆ Անկախության օրվան նվիրված ելույթում նշել է, որ երկրում առկա են տնտեսական դժվարություններ։
«Մեր տնտեսությունը զարգանում է, բայց ոչ անցավ։ Ազատությունը վտանգի տակ է թե՛ այստեղ, թե՛ երկրի սահմաններից դուրս։ Շատ ամերիկացիներ տեսնում են պառակտված երկիր։ Բայց մենք այդ ամենը կհաղթահարենք»,- համոզմունք է հայտնել նախագահը։
Հուլիսի 4-ին Միացյալ Նահանգներն արդեն 246-րդ անգամ տոնել է Անկախության օրը։
ԿԻԵՎԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի և Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների հանդիպումը՝ հայտնում են Թուրքիայի ռազմական գերատեսչությունից։
«Մտքեր են փոխանակվել պաշտպանությանն ու անվտանգությանը վերաբերող երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- ասված է հայտարարության մեջ։
Քննարկվել է նաև ուկրաինական հացահատիկի արտահանման համար Ստամբուլում համակարգող կենտրոն ստեղծելու հնարավորությունը։
Թե ինչ մակարդակով են անցել բանակցությունները, մանրամասներ չի հաղորդվում։
ՀՈՒԼԻՍԻ 5-ԻՆ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Ֆինլանդիան և Շվեդիան հուլիսի 4-ին ավարտել են ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. հուլիսի 5-ին կստորագրվի անդամակցության մասին արձանագրությունը: Այս մասին նշված է դաշինքի հայտարարության մեջ։
Բանակցություններն ընթացել են երկրների արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով։
Երկու երկրները պաշտոնապես հաստատել են ՆԱՏՕ-ին անդամակցությամբ նախատեսված քաղաքական, իրավական և ռազմական պարտավորությունները կատարելու իրենց ցանկությունն ու կարողությունը:
Հունիսի 28-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ կայացել են Թուրքիայի և Ֆինլանդիայի նախագահների, Շվեդիայի վարչապետի և դաշինքի գլխավոր քարտուղարի բանակցությունները, որոնց արդյունքում ստորագրվել է հուշագիր, որով Թուրքիան պարտավորվել էր չխոչընդոտել Ստոկհոլմի և Հելսինկի անդմամակցությունը ՆԱՏՕ-ին: Թուրքիայի նախագահն իր հերթին հայտարարել էր, որ Անկարայի բոլոր պահանջները կատարվել են։