«Վիվա ՄՏՍ»-ը հուլիսի 1-ից Արցախում վերադառնում է ռոումնիգի ծառայությունների մատուցմանը: Ինչպես հայտնի է, մինչև 44-օրյա պատերազմը հայաստանյան բոլոր օպերատորների բաժանորդներն Արցախում ռոումինգից են օգտվել, պատերազմի ժամանակ՝ հաշվի առնելով առաջացած խնդիրները՝ առանց ռոումինգի: Ռազմական գործողությունների դադարեցումից շատ չանցած, սակայն, մյուս օպերատորները կրկին վերականգնեցին ռոումինգը, «ՎիվաՄՏՍ.-ը՝ ոչ: Ընկերությունը բացատրել է, թե ինչու է նորից անցնում հին կարգին:
ՎԻՎԱ ՄՏՍ- Նշված փոփոխությունները պայմանավորված են միջազգայնորեն կիրառվող ստանդարտների պահանջներով, որոնց համաձայն՝ այն տարածքներում, որտեղ օպերատորը չունի շարժական կապի ցանց, շարժական կապի ծառայությունները պետք է մատուցվեն տվյալ տարածքներում գործող լիցենզավորված օպերատորների հետ համագործակցության միջոցով:
Պատերազմի հետևանքով «Ղարաբաղ Տելեկոմի» ենթակառուցվածքները տուժել էին, և հումանիտար աղետի պայմաններում, բջջային կապի ապահովումն Արցախում դարձել էր օրախնդիր: Պատերազմի օրերին կապի օպերատորի կառավարումը դարձավ պետական, և տևական ժամանակ Արցախում կապը քաղաքացիներին անվճար տրամադրվեց: Վնասված ենթակառուցվածքների վրականագնմանը զուգահեռ Վիվա ՄՏՍ-ն Արցախում շարժական գրասենյակներ տեղակայեց և ծառայությունների վաճառք սկսեց:
Սմբատ Պետրոսյան, (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ)- Շահագործման ու կառավարման լիազորությունների շրջանակում կառավարությունն անհրաժեշտ է գտել ժամանակավորապես օգտվել «Վիվա ՄՏՍ»-ի տեխնիկական հնարավորություններից, իսկ հիմա արդեն ՂՏ-ի կարողությունները հիմնականում վերականգնված են և լրացուցիչ կարիքն այլևս չկա:
2021-ի աշնանը «Ղարաբաղ տելեկոմ» ընկերությունը նորից հանձնվեց մասնավորին և նոր սեփականատերն Արցախում 10 միլիոն դոլարի ներդրում կատարեց: Արդեն այս տարվա ամռանը Արցախի իշխանությունները դիմեցին «Վիվա ՄՏՍ»-ին՝ Արցախում ծառայությունների մատուցումը դադարեցնելու համար: Նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս Ազգային ժողովում պատասխանելով ռոումնինգին վերաբերող հարցին, հայտարարեց՝ «Վիվա ՄՏՍ»-ը Արցախում գործել է անօրեն:
Արայիկ Հարությունյան (Արցախի նախագահ)- Մենք մշտապես խնդրում էինք աշխատել օրենքի շրջանակներում: Այդ ընկերությունը հրաժարվել է օրինական դաշտում աշխատելու քաղաքականությունից: Լիցենզիա չի ստացել, չի էլ ցանկացել ստանալ: Այսօր էլ պատրաստ ենք տրամադրել, ինչպես եք մտածում, եկեք բոլոր կազմակերպություններին թողենք Ղարաբաղ անօրեն աշխատեն, առանց հարկային վճարների, առանց պետական կարգավորման:
Ենթակառուցվածքների հարցը լուծվել, կապը վերականգնվել է, բայց Արցախի բնակիչները շարունակում են դժգոհել որակից ու «Ղարաբաղ տելեկոմի» մոնոպոլ կարգավիճակից: Ասում են՝ մրցակցություն չկա և դա է պատճառը, որ շուրջ երկու տասնամյակ բարձր գին են վճարել ցածր որակի համար:
Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն ասում է՝ կատարված ներդրումների արդյունքում ծառայությունների սակագները նույնպես փոխվել, ավելի մատչելի են դարձել:
Սմբատ Պետրոսյան - Էդ իջեցումը սահման ունի, այն կոչվում է ինքնարժեք, իսկ ինքնարժեքը ոչ թե նվազում, այլ աջում է այն պարագայում, երբ խիստ սահմանափակ շուկայում մի քանի օպերատոր համանման և իրար կրկնող կապիտալ ներդրումներ են անում, ծառայությունների համանման որակ և ամբողջական ծածկույթ ապահավելու համար:
Հիշեցնեմ, որ «Ղարաբաղ տելեկոմի» հիմնադիրն ու բաժնետերը Լիբանանի քաղաքացի, խոշոր գործարար Պիեռ Ֆատուշն էր: Նրա ընկերությունը 2001-ին Արցախի կառավարության հետ կնքել էր պայմանագիր և 30 տարով ստացել հեռահաղորդակցության լիցենզիա ու մենաշնորհ դիրք: «Ղարաբաղ տելեկոմի» նոր գնորդը «Արցախտել» ՓԲԸ-ն է։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերությունը գրանցված է Երևանում, հիմնվել է 2021-ի հուլիսի 6-ին՝ 100 հազար դրամ կանոնադրական կապիտալով։ Ընկերության տնօրենն ու բաժնետերը Արսեն Խաչատրյանն է։ Նա նաև 2012-ին հիմնված «Էյչնեթ» ՍՊԸ-ի 50 տոկոսի բաժնետերն է։
Այս ընկերությունը հանդես է գալիս Fastnet ապրանքային նշանով, տեղեկատվական ու հաղորդակցության ծառայություն մատուցող ընկերություն է։