Գյումրիում մեկնարկել է Երևան-Շիրակ ուռուցքաբանական հարցերին վերաբերող ֆորումը, որին մասնակցում էին մասնագետներ Շիրակի տարբեր բուժհաստատություններից ու մայրաքաղաքից: Նախաձեռնությունը Ուռուցքաբանության ազգային կենտրոնինն է, նպատակը՝ մարզերում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, ծանոթացնել աշխարհում առկա միտումներին ու ժամանակակից լուծումներին, նաև նպաստել մասնագիտական նոր ծանոթություններին:
Արթուր Ավետիսյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, վիրաբույժ-ուռուցքաբան) - Սա շարունակական ծրագրի սկիզբ է, նման միջոցառումներ մարզերում, գլխավոր նպատակներից մեկը՝ իրազեկել նորությունների մասին, կիսվել դրանով հարցուպատասխանի, զեկուցումների ձևով և բարձրացնել ուռուցքաբանական զգոնությունը:
Զեկուցումները հիմնված էին բժիշկների պրակտիկայում հանդիպած կոնկրետ դեպքերի վրա և ընդմիջվում էին մասնագիտական քննարկումներով։
Արմեն Իսահակյան («Գյումրի» բկ գործադիր տնօրեն) - Շատ կարևոր է մեր բժիշկների տեղյակ լինելը, և որ ճիշտ ուղորդում արվի և ճիշտ կազմակերպվի։ Ծրագրեր ունենք համատեղ, որ քանակական առումով պակասեցնենք դեպի Երևան հոսքը։ Եթե կարիք է լինում դրսում բուժվելու, ապա ճիշտ ուղղորդվի։
Ֆորումը նաև նոր գործակցության սկիզբ է։ Գյումրիում շուտով կբացվի քիմիաթերապիայի բաժանմունք, որտեղ կաշխատեն Երևանից հրավիրված մասնագետներ։
Նարեկ Մանուկյան (Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն) - Կարևոր է երկրորդ քաղաքում ուռուցքաբանության զարգացումը: Միայն Երևան գալը ծախս է, տեղում ծառայությունների մատուցումը կնպաստի մարզի զարգացվածությանը, և Երևան քաղաքի գերբեռնվածությունը կնվազի։
Ուռուցքաբանական ազգային կենտրոնը նմանատիպ ֆորումներ կանցկացնի նաև մյուս մարզերում։