Դպրոցը՝ որպես ֆրանսիական հեղինակավոր «42» ծրագրավորման ցանցի մաս, համաշխարհային լավագույն 100 նորարարական համալսարանների 2022 թ. ցուցակում է՝ 8-րդը, և առաջինը՝ WURI-ի «Թոփ 50 Էթիկական արժեք ունեցող համալսարանների» վարկանիշային ցուցակում:
Հովհաննես Իսպիրյան («42 Երևան» դպրոցի ղեկավար) - Արդեն երկրորդ տարին է՝ հանձնաժողովի այդպիսի գնահատականների համար չափման միավոր են հասարակության մեջ տվյալ համալսարանների իրական ներդրումները, նաև հետազոտական ու կրթական ծրագրերի նորարարական մոտեցումները:
Այստեղ քեզ կուղղորդեն, բայց չեն սովորեցնի՝ պիտի պրպտես ու գտնես հարցերիդ պատասխանը: Ցանցի բոլոր 44 դպրոցների հիմքում ինքնակրթությունն է, մոդելը վերցված է առաջինը Փարիզում 10 տարի առաջ բացված դպրոցից:
Դիանա Բաղդասարյան («42 Երևան» դպրոցի ուսանող) - Բոլորս ունենք այսպիսի քարտեզ ու մեջտեղից սկսում ենք, ու եթե շրջանը չենք ավարտում, չենք անցնում, ու ամեն շրջանի վրա կա քննություն, որը պետք է անցնենք:
Ե՛վ նախագծերը, և՛ գիտելիքները ստուգվում են ավտոմատ համակարգի միջոցով:
Տնօրենը նշում է՝ ամեն ուսանող ինքն է որոշում՝ երբ ավարտի: Պաշտոնապես շրջանավարտ դեռ չունեն, 200 ուսանող այս պահին սովորում է: Նրանց 40 տոկոսն արդեն գտել է աշխատանք:
Հովհաննես Իսպիրյան - Ամենաավագ ուսանողը կարծես 40 տարեկան է:
Այս պահին ընդունելությունը բաց է, կարող եք անցնել մեր կայք ու օգոստոսին գալ այսպիսի հանդիպման, հետո մյուս տարվանից սկսել սովորել:
Վլադիմիր Խլղաթյան («42 Երևան» դպրոցի ուսանող) - Այս պահին սովորում եմ «Սի» լեզվի նրբությունները, և նոր պրոյեկտը դրան է վերաբերելու:
Վլադիմիրը 37 տարեկան է, մասնագիտությամբ ֆինանսիստ: 10 տարուց ավելի բանկային համակարգում է աշխատել՝ ծրագրավորում սովորելու երազանքով: «42 Երևանում» արդեն 3 ամիս է:
Հովհաննես Իսպիրյան - Արհեստական բանականություն, կիբեռանվտանգություն, խաղերի ստեղծում և գրաֆիկա, օպերացիոն համակարգեր և հավելվածների ստեղծում...
Սրանք հիմնական ուղղություններն են, ուսուցումը՝ անվճար:
Արդյունքը որպեսզի շոշափելի լինի, շաբաթական առնվազն 30 ժամ այստեղ լինել ու սովորել է պետք: Ու որպեսզի «42»-ում սովորողները կարողանան համատեղել այստեղի կրթությունը աշխատանքի ու այլ զբաղվածությունների հետ, դպրոցը բաց է 24 ժամ:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան