ԱՄՆ վարչակազմը վերահաստատել է Ադրբեջանին ուղիղ ռազմական օգնությունն արգելափակող «Ազատության աջակցման ակտի» 907 բանաձևի շրջանցումը: Այս մասին «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի անդամ Բրեդ Շերմանը:
«Մենք չպետք է հրաժարվենք 907 բանաձևից և չպետք է որևէ օգնություն ցուցաբերենք նավթով հարուստ Ադրբեջանին, որը սանձազերծել է ագրեսիվ պատերազմ: Օգնությունը, որը մենք տրամադրում ենք, մեծ չէ, բայց կարծում եմ, որ այն ունի դիվանագիտական կարևորություն, ուստի դրա տրամադրումը պետք է դադարեցվի»,- ասել է կոնգրեսականը:
Նա կարծիք է հայտնել նաև, որ Արցախում մարդասիրական ծրագրերի համար ԱՄՆ-ի օգնությունը պետք է մեծացվի, իսկ Հայաստանին հնարավորություն ընձեռվի կրկին ընդգրկվելու «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրում:
«Համաշխարհային բանկը Հայաստանը դասել է միջինից բարձր եկամուտ ունեցողների շարքին: Ես կցանկանայի, որ դա այդպես լիներ, բայց պետք է հաշվի առնենք սարսափելի պատերազմի, կորոնավիրուսային համաճարակի տնտեսական հետևանքները»,- ասել է Շերմանը: