Վայքի բուժական միավորումը շուտով կունենա անհետաձգելի բուժօգնության բաժանմունք: Այն ստեղծել և անհրաժեշտ սարքավորումներով հագեցրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Բացումը նախատեսված է մի քանի օրից, երբ ավարտվեն բոլոր նախապատրաստական աշխատանքները:
Վարդուհի Հայրապետյան (Վայքի բուժական միավորման ավագ բուժքույր) - Շտապօգնության կայան ենք ունեցել: Դա լրիվ ուրիշ է, իսկ սա արդեն վերազինված բաժանմունք է:
Մինչև նոր բաժանումունքի բացումը շտապ օգնության ծառայությունը կգործի առանձին, բայց հետո արդեն այդ երկուսը կմիավորվեն:
Նորաբաց բաժանմունքում 5 մահճակալ կա: Տարածաշրջանի համար դա բավարար է համարվում: Վայքի բուժհաստատությունում գործում են նաև վիրաբուժական, թերապևտիկ-մանկաբուժական և ինֆեկցիոն բաժանմունքներ: Կա նաև հեմոդիալիզի ծառայություն, ծննդատուն: Վարդուհի Հայրապետյանն ասում է՝ բոլորն էլ վերազինման կարիք ունեն: Վայոց ձորի մարզի բնակիչ Նվարդ Դավթյանն այստեղ վիրահատվել է օրեր առաջ: Բուժաշխատողների վերաբերմունքից գոհ է, բայց վիրահատությունից ընդամենը մեկուկես ժամ հետո տեղափոխվել է հիվանդասենյակ:
Առողջապահության նախարարությունից նշում են, որ կառուցվում է նոր՝ Վայոց ձորի մարզային հիվանդանոց, որը կլինի բազմաֆունկցիոնալ: Կգործի Եղեգնաձորում, բայց կունենա մարզային նշանակություն: Նոր բուժհաստատությունը կապահովի բարձր որակ և կմեծացնի մարզում բժշկական ծառայությունների հասանելիությունը: Նախատեսվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն 2023 թվականին:
Հեղինակ՝ Աննա Զախարյան