«Իմ Քայլը» հիմնադրամը նախաձեռնել է ամառային դպրոց, որին մասնակցում է 6 բուհի 37 ուսանող: Հուլիսի 1-10-ը Դիլիջանում մեկնարկած «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի ամառային դպրոցին մասնակցության նպատակն է նախապատրաստվել սեպտեմբերին մեկնարկելիք մագիստրոսական կրթական ծրագրին: 37-ից միայն 15-ին է հաջողվելու: Ամառային դպրոցը քվանտա մագիստրոսական ծրագրի մի մասն է, նախաձեռնությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամինը:
Մխիթար Հայրապետյան («Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Նպատակն է Հայաստանում բուհական ոլորտում իրականացնել մագիստրոսական ծրագիր՝ քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի, որի վերջնարդյունքում ակնկալում ենք պատրաստել մասնագետներ, որոնք պատրաստ կլինեն Հայաստանում քվանտային նոր դարաշրջանին, որոնք ոչ միայն կկարողանան օգտագործել, կիրառել քվանտային ֆիզիկայի ոլորում նոր տեսակի սարքերը, սարքավորումները, այլև, ինչու ոչ, մասնակցեն այդօրինակ սարքերի մշակմանը:
Կլինեն ուսանողներ, որոնք կշարունակեն գործունեությունը բիզնես ոլորտում, պետական ապարատում, հավելում է Հայրապետյանը:
Ամառային դպրոցը համալրվել է ուժեղ կադրերով. մասնակիցների թվում են ընդհանուր ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, միջուկային և ատոմային ֆիզիկայի, տեսական ֆիզիկայի, միկրոէլեկտրոնիկայի, մաթեմատիկայի, մեխանիկայի, ինֆորմատիկայի, քիմիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտների ապագա մասնագետներ:
Գևորգ Մելիքսեթյան («Quanta» ծրագրի ղեկավար) - Օրակարգը բավականին հագեցած է, արդյունքում ուսանողները ստանալու են հավաստագրեր, այս գիտելիքը ապագայում օգտագործելու են մագիստրոսական կրթական ծրագրի ընթացքում:
Կա ցանկություն` քվանտային տեխնոլոգիաները մտցնել Հայաստան՝ ասում է ամառային դպրոցի մասնակիցը:
Սարգիս Պինամյան (ամառային դպրոցի մասնակից) - Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագիրը տալիս է առավելություն, որ արտասահմանյան հայազգի գիտնականներ են գալու Հայաստան և կիսվեն իրենց գիտելիքներով մեզ հետ, և սա բացառիկ շանս է:
«Քվանտա» ծրագրի շրջանակում 1.5 տարի ուսանողները կկարողանան ունկնդրել աշխարհի առաջադեմ բուհերի հայազգի գիտնականներին, որոնք հրավիրվելու են Հայաստան և իրենց փորձն ու գիտելիքը փոխանցելու են քվանտային ֆիզիկայի ոլորտի ապագա մասնագետներին:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան