Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային։
Վերջինս Հայաստանում է՝ մասնակցելու առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, այլք։
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մաթևոսյանը բարձր է գնահատել որոշակի դադարից հետո Հայաստանում միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի անցկացումն ու ընդգծել, որ այն լավ հնարավորություն է մի շարք ուղղություններով խթանելու երկու երկրների միջպետական հարաբերությունները, հատկապես՝ առևտրատնտեսական, առողջապահության և կրթության ոլորտներում։
Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանում միջազգային տրանսպորտային հաղորդակցության նախագծեր իրականացնելու հեռանկարներին։
Փոխվարչապետ Մաթևոսյանն ընդգծել է, որ Հայաստանը հնդիկ բարեկամների հետ ավելի հավակնոտ օրակարգի է հավակնում՝ պատրաստակամ լինելով ակտիվացնել հայ-հնդկական ողջ համագործակցությունը ինստիտուցիոնալ և փոխադարձ շփումների մակարդակներում։
Համբարձում Մաթևոսյանը, տեղեկացնելով, որ Հայաստանի Կառավարությունը ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ մեծ ներդրումներ է իրականացնում, նշել է, որ ակնկալում է նաև այդ խոշոր մրցույթներին հնդկական շինարարական կազմակերպությունների ակտիվ ներգրավվածությունը։
Հանդիպման ավարտին կողմերը երկու երկրների միջև առկա հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն են հայտնել։