Տաթև Ղարագյոզյան (ՀԱՊՀ շրջանավարտ) - Մագիստրոսի աստիճան, էլեկտրոնիկա, ինտեգրալ սխեմաների համակարգչային ճարտարագիտություն:
941 շրջանավարտ՝ տարբեր մասնագիտություններով ավարտեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը: Նրանք բուհի 89-րդ շրջանավարտներն են:
Տաթև Ղարագյոզյան - Էն հեռանկարով, որ կաշխատեմ իմ մասնագիտությամբ, աշխատել իմ երկրում, ծառայել հայրենիքիս:
Համլետ Մեխակյան (ՀԱՊՀ շրջանավարտ) - Սպասված ու որոշիչ, այսօրվանից մի քիչ շատ բան է կախված: Համակարգչային ճարտարագետ, աշխատանքի հրավեր ունեմ:
Որոշիչ օրը հանդիսավոր դարձնելու համար բուհը շրջանավարտներին ճանապարհելու նոր ավանդույթ է ձևավորել: Հագուստը տարբերակում է նրանց կրթական աստիճանը:
Գոռ Վարդանյան (ՀԱՊՀ ռեկտոր) - Պարզ տարբերակը բակալավրն է, նարնջագույնը ճարտարագետի գույնն է, գլխաշորովը՝ մագիստրոս, սև գլխարկը՝ ասպիրանտ: Յուրաքանչյուրից է կախված մեր հայրենիքի տեխնոլոգիական մտքի որակը, անվտանգային համակարգում ստեղծվող տեխնոլոգիաների որակը, նոր գաղափարների գեներացումը կապում ենք այս երիտասարդների հետ:
89 տարում բուհն ունեցել է 130 հազար շրջանավարտ: Պոլիտեխնիկը, ըստ էության, կանխորոշել է Հայաստանի այսօրվա դիմագիծը՝ վստահ է վարչապետը: Նրա խոսքով՝ երբ Հայաստանի երկրորդ հանրապետությունում սկսվեց ինդուստրալիզացիայի պրոցեսը, ամեն տարի բուհից դուրս էին գալիս հազարավոր ինժեներներ, որոնք ամեն օր վերակառուցում էին Հայաստանը՝ սկսած էներգետիկայից, ենթակառուցվածքներ, քաղաքաշինություն, հաղորդակցություն, տրանսպորտային համակարգերի ոլորտներ:
ԳՈՐԾԱԴԻՐԸ ՀՌՉԱԿԵԼ Է ՀՀ-Ն ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՐԿԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ՈՒՂԵԳԻԾԸ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Երրորդ հանրապետության պատմության մեջ առկա պրոբլեմների մի հսկայական մասը կապված է տեխնոլոգիական այն բացերի հետ կամ տեխնոլոգիական ժամանակակից պահանջներից և թրենդներից հետ մնալու հետ, որը, ցավոք, մենք ունեցանք: Ես ուզում եմ և հույս ունեմ, որ այս նոր ժամանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ավելի ճիշտ՝ նրա շրջանավարտները կվերագտնեն այն երբեմնի գործառույթը՝ ամեն օր Հայաստանն ավելի ու ավելի տեխնոլոգիական երկիր դարձնելու, որ ժամանակին ունեցել են այս համալսարանը և, ընդհանրապես, մեր բուհական համակարգը:
Կառավարությունը հռչակել է Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելու ուղեգիծը՝ շեշտեց Նիկոլ Փաշինյանը: Բուհի շրջանավարտների ամենակարևոր առաքելությունն է հաղթահարել պոտենցիալ վախերը, որ կարող են դեռ լինել տեխնոլոգիաների նկատմամբ. տեխնոլոգիաները, ըստ վարչապետի, գալիս են ծառայելու մարդկանց:
Նիկոլ Փաշինյան - Հարգելի՛ շրջանավարտներ, ես շնորհավորում եմ ձեզ և ուզում եմ հավատալ, որ բուհից դուրս եք գալիս Հայաստանն ամեն օրվա հետ ավելի լավը դարձնելու առաքելությամբ, Հայաստանը շարունակաբար տեխնոլոգիական զարգացող և, ի վերջո՝ զարգացած երկիր դարձնելու առաքելությամբ: Ես ուզում եմ ձեզ կանաչ ճանապարհ, բարի երթ մաղթել այս հիրավի դարակազմիկ առաքելությունն իրականացնելիս:
Մի խումբ պոլիտեխնիկցիներ վարչապետից ստացան բարձր պարգևներ: Կարևորելով ճարտարագիտությունը և ինժեներական կրթությունը՝ պետությունն ամեն տարի հատկացնում է մեծ թվով անվճար տեղեր: Գիտությամբ ակտիվ զբաղվողների աշխատավարձը մոտ 100 տոկոսով ավելացել է՝ հասնելով 810 հազար դրամի:
Տիգրան Ավինյան (ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ) - Գտնվում ենք պոլիտեխնիկական համալսարանի խորքային փոփոխությունների շրջանում: Ուզում եմ խոստանալ, որ տարիներ անց ձեր երեխաները ընտրեն այս բուհը, մուտք են գործելու վստահաբար տարածաշրջանի լավագույն տեխնոլոգիական համալսարան:
Արթուր Բաբայան (ՀԱՊՀ ասպիրանտ) - Քանի որ ամեն ինչ գնում է ավտոմատացման, կարևոր է, իսկ Հայաստանը, լինելով գիտելիքահենք, կարող է արտահանել, ամեն ինչ ավտոմատացնել այստեղի գիտելիքի շնորհիվ: Որոշեցինք ավարտական միջոցառմանը փոքրիկի հետ մասնակցենք, չի լացել, դուր է գալիս:
Էդգար Մարկոսյանը հաջորդ տարի կավարտի պոլիտեխնիկը, նրան բոլորն են ճանաչում: 44-օրյայի մասնակից Արցախի հերոսը վճռական է ամուր պահել նաև այս խրամատը:
Էդգար Մարկոսյան (ՀԱՊՀ ուսանող, Արցախի հերոս) - Մեր աշխատանքի արդյունքում, մեր հարկերի արդյունքում, գիտելիքի արդյունքում մեր փորձը պետք է ներդնենք երկրի կայացման գործում, զարգացման գործում, մանավանդ Այ Թի ոլորտում, դա կարևոր է զարգացնել:
Կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողը զուգահեռ սովորում է ծրագրավորում՝ համաշխարհային տեխնոլոգիական մրցավազքում Հայաստանի դերն ընդգծելու համար: