Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել միջոցառում՝ նվիրված ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության կազմավորման 30-ամյակին։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը, բարձրաստիճան զինվորականներ, պետական այլ գերատեսչությունների, հասարակական և միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Շնորհավորելով ստորաբաժանման աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ՝ Արման Սարգսյանը բարձր է գնահատել վարչության դերակատարումը զինծառայողների սոցիալական խնդիրների լուծման հարցում՝ ընդգծելով, մասնավորապես՝ 44-օրյա պատերազմի ընթացքում տարված լայնածավալ աշխատանքները։
ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի հիմնական գործառույթներն ու առաջիկա անելիքները։
Տոնական օրվա առթիվ ստորաբաժանման մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են խորհրդանշական նվերներով։