Վերելակի խափանում, տանիքից կաթոցներ. ո˚վ է շենքերի խնդիրների գլխավոր հասցեատերն ու պատասխանատուն:
Հաճախ նման հարցերով քաղաքացիներն ահազանգում են քաղաքապետարան կամ վարչական շրջաններ: Մինչդեռ օրենքով բազմաբնակարան շենքը բնակիչների ընդհանուր սեփականություն է, հետևաբար նաև դրա պահպանումն ու շահագործումը բնակչի պարտավորությունն է:
«Բոլոր տեսակի ծախսային մասերն իրականացնում են պատասխանատուները, բայց որպեսզի այդ աշխատանքները համակարգված լինեն, գոյություն ունեն համատիրություններ կամ լիազոր կառավարիչներ, որոնք բաժնային սեփականատերերի փոխարեն գործունեություն են իրականացնում»,- ասում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանը:
Շենքերի պահպանման համար բնակիչները ձևավորում են համատիրություն, ընտրում նախագահ, կառավարիչ: Օրենքը թույլ է տալիս սահմանել նաև ամենամսյա վճար: Գումարի չափը որոշում են իրենք՝ բնակիչները՝ ընդհանուր ժողովներում: Վարչական շրջաններում այն տարբեր է՝ 25-45 դրամ՝ 1 քմ համար:
Ամեն ամսվա վերջին համատիրությունները բնակիչներին պետք է ներկայացնեն հաշվետվություն, թե որքան գումար է հավաքագրվել, որքան ծախսվել ու ինչի համար: Տեղեկատվությունը սովորաբար փակցնում են շենքերի մուտքերի մոտ, սակայն դրանք հաճախ պատռվում ու աղբամանում են հայտնվում: Որոշ համատիրություններ այսօր թղթային հաշվետվությունից հրաժարվել են. ծանուցումներն անում են էլեկտրոնային:
Երևանում այսօր գործում է ավելի քան 250 համատիրություն: Դրանք կառավարում են մոտ 5000 բազմաբնակարան շենքերը: Վերահսկել, թե ինչպես են ծախսվում հավաքված գումարները՝ համայնքն իրավասություն չունի. բնակիչների իրավունքն է ու պարտականությունը:
Համատիրությունների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու և բնակիչ-համատիրություն կապն ու փոխվստահությունը ամրացնելու համար համայնքը նախատեսում է համատիրություններում ներդնել բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման էլեկտրոնային համակարգ: Բայց որևէ համակարգ չի կարող գործել, եթե բնակիչը չկատարի իր պարտավորությունը և չլինի պահանջատեր:
Հաշվի առնելով բնակչության սոցիալական խնդիրները՝ այսօր քաղաքապետարանը ստանձնել է վերելակների փոխարինման ծրագիրը: