Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Գյումրու հայորդյաց տան «Ակնէ» երգչախմբի մենահամերգին և անդրանիկ սկավառակի շնորհանդեսին: Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
«Ուրախ եմ այսօր այստեղ գտնվելու համար, քանի որ հնարավորություն ունեցանք հաղորդակից լինելու բարձրակարգ երաժշտության և մեր մանուկների թոթով լեզվով և ձայնով ևս մեկ անգամ լսել ու հավատալ, որ գեղեցիկ արվեստով կարելի է հաղթահարել ամեն բան։ Ինչպես ժամանակին Շոպենն է ասել, երաժշտությունը կարողանում է կարծրատիպեր կոտրել։ Այսօր մենք այս երաժշտության շնորհիվ կարողացանք հաղորդակից դառնալ բարձրաշխարհիկին ու հոգևորին, որոնք մեր սրտի և մեր էության խորքում են, պարզապես պետք է կարողանանք թույլ տալ, որ այն մեր սրտից դուրս գա, իսկ դա հնարավոր է լավ երաժշտության, լավ արվեստի միջոցով։ Վստահ եմ, որ այս փոքրիկները հայի պատվիրակներն են ամբողջ աշխարհում և հայկական շունչն իրենց հետ կտանեն այլ երկրներ»,- ողջույնի խոսքում նշել է մարզպետը։
Երգչախումբը ստեղծվել է 2014 թվականին և գործունեության կարճ ժամանակահատվածում ճանաչում ձեռք բերել։ Վերջերս էլ Հունաստանում կայացած երգչախմբային միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրել է հենց Գյումրու հայորդյաց տան «ԱկնԷ» երգչախումբը։