ԼԻԲԻԱ
ԼԻԲԻԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ՆԿԱՐՈՒՄ Է ՁԵՌՔԵՐՈՎ ՈՒ ՈՏՔԵՐՈՎ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ
Լիբիացի Ահմեդ Մահմուդը կարող է նկարել ձեռքերով ու ոտքերով միաժամանակ: Ընդ որում՝ յուրաքանչյուր վերջույթով տարբեր նկարներ է ստեղծում: Բացի դրանից՝ նա կարող է մարկերներ ամրացնել ձեռքերի բոլոր մատներին և այդպես նկարել:
27-ամյա արվեստագետը, որն իր հմտություններն սկսել է զարգացնել դեռ վաղ տարիքից, խոստովանում է, որ ստիպված է եղել պայքարել արվեստի նկատմամբ հետաքրքրության պակասի դեմ պատերազմից ավերված իր երկրում:
Ահմեդ Մահմուդ (նկարիչ) - Շատերը կան, որ այս գաղափարը չեն ընդունում: Բացի դրանից՝ նկարչական նյութերի խիստ պակաս կա: Այս երկրում ոչ ոք կենտրոնացած չէ արվեստի վրա: Սրանք այն դժվարություններն են, որոնց բախվում եմ: Եվ քանի որ համապատասխան նյութեր չկան, արագ զարգանալ չեմ կարող: Նյութական որևէ աջակցություն չեմ ստացել:
Ահմեդը, ամեն դեպքում, չի հուսալքվում: Նա նկարում է նաև մարզադաշտերի պատերին` այնտեղ անմահացնելով ֆուտբոլի լեգենդներին:
Երիտասարդ նկարիչը խոստովանում է, որ երազում է իր արվեստի դպրոցը հիմնելու մասին: Նա կարծում է, որ այնտեղ կարող է զարգացնել արվեստի նոր ուղղություն, նկարելու նոր ոճ, որին նախկինում մարդիկ սովոր չեն եղել:
ՖՐԱՆՍԻԱ
ՌՈԴԵՆԻ «ՄՏԱԾՈՂԸ» ԱՃՈՒՐԴՈՒՄ ԿԱՐՈՂ ԷՐ ՎԱՃԱՌՎԵԼ ՄԻՆՉԵՎ 14 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈՅՈՎ
Ֆրանսիացի հայտնի քանդակագործ Օգյուստ Ռոդենի խորհրդանշական «Մտածողը» արձանը Փարիզում հանվել է աճուրդի: Իրականում սա Ռոդենի աշխատանքի կրկնօրինակն է:
Բրոնզաձույլ արձանը, որը մոտավորապես 1928 թվականին է պատրաստվել, պահվել է Փարիզում, ընդգրկված է եղել մասնավոր հավաքածուում: Մեծ վաճառքով զբաղվել է «Քրիստի» աճուրդի տունը: Քանդակը գնահատված էր 9-14 միլիոն եվրո, սակայն ի վերջո այն աճուրդում վաճառվել է 10.7 միլիոն եվրոյով:
Գոյություն ունի «Մտածողի» մոտ 40 կրկնօրինակ: Դրանց մեծ մասը պատրաստվել է Ռոդենի մահից` 1917 թվականից հետո:
Լի Բլոք («Քրիստի» աճուրդի տան աշխատակից) - Արձանը գնահատված էր 9-14 միլիոն եվրո, սակայն մենք, իհարկե, հույս ունեինք, որ ավելի բարձր գնով կվաճառվի: Ինչ խոսք, բարձր գին է, սակայն դա արդարացված է, քանի որ բացառիկ աշխատանք է: 70 սանտիմետր բարձրություն ունի, ճիշտ այնքան, որքան բնօրինակը: Այժմ մասնավոր հավաքածուներում պահվում է Ռոդենի «Մտածողի» 10 կրկնօրինակ:
Աճուրդի հանված քանդակը կրում է «Ռոդեն» ստորագրությունը՝ Ալեքսիս Ռուդյեի ձուլման նշանով: Փարիզյան այս արհեստանոցում է ձուլվել Ռոդենի բրոնզաձույլ արձանների մեծ մասը:
Ռոդենի «Մտածողը» աշխատանքում ի սկզբանե ներկայացված է եղել բանաստեղծ Դանթեն, որը խորհում է իր ստեղծագործությունների մասին: Սակայն հետագայում քանդակագործը որոշել է աշխատանքից հանել Դանթեի բոլոր հատկանիշները և ստեղծել մտքի և ստեղծագործական հանճարի համընդհանուր խորհրդանիշ` մտածող մարդու:
ԲՐԱԶԻԼԻԱ
ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ԱՄԱԶՈՆԱՑԻՆԵՐԻ ՊԱՐԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ
Սա Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը չէ Սամբադրոմոյում: Սա «Բոյի Բումբա» կոչվող փառատոնն է բրազիլական Ամազոնում: Սա գույնի, երաժշտության և ավանդույթների տոն է: Երկամյա դադարից հետո այն նորից նշում են:
Ամազոնյան Պարինտինս քաղաքում է անցկացվել 55-րդ ժողովրդական փառատոնը, որի ընթացքում տեղացիները տոնում են հարություն առած եզան մասին լեգենդը: Տոնի մասնակիցները կարմիրների և կապույտների թիմերի են բաժանվում և իբրև թե մրցում իրար դեմ: Մրցակցությունը, սակայն, երգի ու պարի, մշակույթի ցուցադրությամբ է:
Մակառոլ Լեվի (կապույտ թիմի անդամ) - Ամեն տարի էլ շատ հետաքրքիր է անցնում: Կարծես միշտ առաջին անգամ լինի: Շատ անհամբեր էինք: Երկամյա դադարից հետո այժմ հույզերն ավելի ուժեղ են: Անչափ երջանիկ ենք, որ այսօր այստեղ ենք:
Երեք օրվա ընթացքում յուրաքանչյուր թիմ պետք է գերազանցի մյուսին գունավոր, փետրավոր և ռիթմիկ բեմադրություններով՝ կյանքի կոչելու ամազոնյան թեմաներն ու լեգենդները:
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկամյա դադարից հետո Ամազոնաս նահանգի կառավարությունը յուրաքանչյուր թիմի համար հատկացրել է հինգ միլիոն ռեալ կամ ավելի քան 957 հազար դոլար:
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԱՐՔԱՅԱԶՆ ՈՒԻԼՅԱՄԻ ԵՎ ԿՆՈՋ՝ ՔԵՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՏԵՂ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Արդեն պատրաստ է Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի նոր դիմանկարը, որն առաջին պաշտոնական արվեստի գործն է, որում ներկայացված է թագավորական զույգը:
Նկարիչ Ջեյմի Քորեթի կտավում պատկերված Ուիլյամը, որն իր հորից՝ արքայազն Չարլզից հետո թագաժառանգների շարքում երկրորդն է, մուգ կոստյումով է, իսկ Քեյթը՝ երկար զմրուխտե զգեստով:
Քեմբրիջ այցի ժամանակ Ուիլյամն ու Քեյթը կարողացել են տեսնել դիմանկարը: Համալսարանի Ֆիցվիլիամ թանգարանում այն ցուցադրվում է հանրությանը: Հաջորդ տարի կտավը կարճ ժամանակով կցուցադրվի նաև Դիմանկարների ազգային պատկերասրահում:
ԻՍՐԱՅԵԼ
ՀՆԱԳՈՒՅՆ ԽՃԱՆԿԱՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԻՍՐԱՅԵԼ
Լավ պահպանված բացառիկ հռոմեական խճանկարը, որում պատկերված է ձկների, կենդանիների, թռչունների և նավերի հարուստ տեսականի, վերադարձել է այն վայր, որտեղից հայտնաբերվել է՝ Թել Ավիվի արվարձան: Խճանկարն աշխարհի մի քանի լավագույն թանգարաններով տասնամյա շրջագայությունից հետո դարձյալ հայրենիքում է:
Ուշ հռոմեական ժամանակաշրջանի 1700-ամյա խճանկարը հայտնաբերվել է 1996 թվականին՝ մայրուղու շինարարական աշխատանքների ժամանակ, սակայն ցուցադրվել է միայն 2009 թվականին, երբ այն պահպանելու համար բավարար ֆինանսավորում է տրամադրվել:
Գունագեղ խճանկարը, որը 17 մետր երկարություն և մոտ 9 մետր լայնություն ունի, կարող էր ծառայել որպես առանձնատան նախասրահ Լոդի հարուստ թաղամասում՝ ներկայիս Թել Ավիվի մոտակայքում:
Հագիթ Թորջ (հնագետ) - Սեփականատերը, հավանաբար, շատ հարուստ վաճառական է եղել, քանի որ ճանապարհորդել է աշխարհով մեկ և տեսել այն նավերը, թռչունները, ձկներն ու այլ կենդանիներ, որոնք պատկերված են խճանկարում:
Խճանկարի ձևավորումը կրել է հյուսիսաֆրիկյան խճանկարների ազդեցությունը: Այնտեղ չես հանդիպի որևէ մարդու պատկերի, ինչից կարելի է ենթադրել, որ խճանկարը կարող էր պատկանել քրիստոնյայի կամ հրեայի, որը ցանկանում էր խուսափել հեթանոսական խորհրդանիշներից, ինչպիսիք են հռոմեական աստվածների պատկերները:
Խճանկարն այժմ կցուցադրվի հնագիտական կենտրոնում, որը կառուցվել է այնտեղ, որտեղ այն հայտնաբերվել է:
ՄԵՔՍԻԿԱ
ՄԵՔՍԻԿԱՑԻ ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է ԱԼԻԳԱՏՈՐԻ ՀԵՏ
Մեքսիկայի փոքրիկ քաղաքներից մեկի քաղաքապետն ամուսնացել է ալիգատորի հետ: Սա մեքսիկական մեկդարյա ավանդույթ է, որը, տեղացիների համոզմամբ, իրենց համար ապահովում է բերքի և բնության այլ բարիքների առատություն:
Հարսանիքի մասնակիցները երգում-պարում են և քաղաքապետին հորդորում համբուրել ալիգատոր հարսին:
Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ Վիկտոր Հյուգո Սոսան հարսանիքի ժամանակ մի քանի անգամ համբուրել է ալիգատորին, որին գրկած է տարել: Կենդանու բերանը կապել են՝ անցանկալի ճակատագրական միջադեպերից խուսափելու համար:
Ծիսական այս ամուսնությունը, հավանաբար, սկիզբ է առել նախաիսպանական ժամանակներից Օախակա նահանգի Չոնտալ և Հուավե բնիկ համայնքների շրջանում և համարվել է բնության առատաձեռնությունը հայցող աղոթք:
Վիկտոր Հյուգո Սոսա (Սան Պեդրո Հուամելուլայի քաղաքապետ) - Այս արարողությամբ մենք բնությունից խնդրում ենք հորդառատ անձրև, առատ սնունդ, խնդրում ենք, որ գետերում ձկները շատանան:
Ենթադրվում է, որ յոթամյա սողունը, որին անվանում են փոքրիկ արքայադուստր, աստվածուհի է, որը ներկայացնում է մայր երկիրը, և նրա ամուսնությունը տեղի առաջնորդի հետ խորհրդանշում է մարդկանց միացումը աստվածայինին:
Նախքան հարսանեկան բուն արարողությունը, հարս ալիգատորին գույնզգույն շորեր են հագցնում, և տարբեր մարդիկ կենդանուն գրկելով շքերթով անցնում են գյուղաքաղաքի փողոցներով: Այնուհետև սկսվում է հարսին ճերմակ զգեստը հագցնելու արարողությունը, որից հետո արդեն նրան գրկում է քաղաքապետ փեսան: Հարսանեկան հագուստն ալիգատորին հագցնելու անչափ պատասխանատու գործով զբաղվում է նրա կնքամայրը:
ԱՄՆ
ՄՈԼԱԽՈՏԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԵՆ ԱՅԾԵՐԸ
Այծերին տարել են Նյու Յորքի Ռիվերսայդ պարկ՝ մոլախոտերով խնջույքի: Որոշվել է այսպես, առանց քիմիական նյութերի օգտագործման պայքարել պարկի մոլախոտերի դեմ: Այծերը կուտեն մոլախոտը, կկշտանան, այգու այցելուները տեսարանից կզվարճանան, քաղաքի բնակիչները մոտիկից բնության հետ շփվելու հնարավորություն կունենան, իսկ տարածքը կմաքրվի մոլախոտերից: Ինչպես ասում են՝ օգտակարը՝ հաճելիի հետ:
Այծերը Մանհեթեն են ժամանել Ռայնբեկ քաղաքի Green Goats՝ «Կանաչ այծեր» կոչվող ֆերմայից: Այստեղ նրանք կվայելեն մոլախոտը, որոնց մեջ նույնիսկ մարդկանց համար վտանգավոր բույսեր կան, օրինակ՝ թունավոր բաղեղը:
Ջոն Հերոլդ (Ռիվերսայդ պարկի տնօրեն) - Մենք չենք ցանկանում ոչնչացնել ծառերը կամ վնասել դրանց արմատները: Իսկ առանց դրա շատ դժվար կլինի մոտենալ տարածքին և այն մաքրել մոլախոտերից: Մինչդեռ այծերի համար դա անելը շատ հեշտ է, մանավանդ որ նրանք ոչ թե աշխատում են, այլ պարզապես սնվում:
Ժամանած 20 այծից չորսը մինչև ամռան վերջ կբնակվեն Ռիվերսայդ պարկում՝ տարածքը մոլախոտերից վերջնականապես մաքրելու նպատակով:
ԵԳԻՊՏՈՍ
ՆԵՂՈՍԻ ՎՐԱՅԻ ՏՆԱԿԱՅԻՆ ՆԱՎԱԿՆԵՐՆ ԱՊԱՄՈՆՏԱԺՎՈՒՄ ԵՆ
Եգիպտոսի մայրաքաղաքի սրտում գտնվող Նեղոսի հայտնի տնակային նավակների սեփականատերերը քանդում և տանում են իրենց տները, քանի որ իշխանություններն սկսել են առգրավել, իրենց կարծիքով, չարտոնված բնակարանները:
Նավակները, որոնցից շատերը նրբագեղ երկհարկանի շինություններ են՝ պատշգամբներով, տասնամյակներ շարունակ խարսխված են եղել Նեղոսի ծառապատ ափերի երկայնքով՝ Զամալեկ կղզու և Գիզայի միջև՝ Կահիրեի կենտրոնական մասից դեպի արևմուտք:
Այդ տնակային նավակները հնարավոր է տեսնել Եգիպտոսում նկարահանված ֆիլմերում, նույնիսկ գրականության մեջ, օրինակ՝ Նոբելյան մրցանակակիր Նագիբ Մահֆուզի Adrift on the Nile՝ «Անցում Նեղոսի վրա» վեպում:
Անցած շաբաթ մոտ 30 տնակային նավակի տեր ստացել է ծանուցում, որում ասվում է, որ նրանց նավակներն առգրավվելու են։ Շատերը չեն հաշտվում իրենց տունը լքելու հեռանկարի հետ:
Իլխաս Հելմի (նավ-տնակի 87-ամյա սեփականատեր) - Ես ծնվել եմ նավ-տնակում: Իմ ամբողջ կյանքն է այստեղ անցել: Ամուսինս էլ, ինձ պես, Նեղոսը շատ էր սիրում: Նա մահացավ և չհասցրեց վերանորոգել մեր տունը: Ես իմ խնայողությունները ներդրեցի և արեցի դա:
Իշխանությունների հավաստմամբ՝ Նեղոսը տնակային նավերից մաքրելու նպատակն է պահպանել գետը, զարկ տալ արևտրաշրջանառությանն ու զբոսաշրջությանը: Տան տերերը, որոնք տարիներ շարունակ բարեխղճորեն վճարել են իրենց տների հետ կապված բոլոր հարկերը նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք, իրենց կարծիքով, ոչ արդարացիորեն են բարձրացվել, իհարկե, դեմ են այս որոշմանը: Նրանք ասում են, որ անկախ ամեն ինչից՝ իրենց հասցեն հավերժ մնալու է Նեղոսը: