ՌԴ-ՈՒՄ ԿՉԵՂԱՐԿՎԵՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ ԲՈԼՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հուլիսի 15-ից Ռուսաստանում չեղարկվում են ցամաքային սահմանի հատման բոլոր սահմանափակումները, որոնք ներդրվել էին 2020 թվականին կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով՝ հայտնում են օպերատիվ շտաբից։
Նշվում է նաև, որ Բելառուսի քաղաքացիները Ռուսաստան ժամանելիս այլևս ստիպված չեն լինի ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնել։ Այլ երկրների քաղաքացիների համար, սակայն, պահանջը դեռ ուժի մեջ է:
Ավելի վաղ Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը տեղեկացրել էր, որ երկրում համավարակային սահմանափակումների, այդ թվում՝ դիմակների պարտադիր կրման պահանջը չեղարկվել է։
ԼՈՒԳԱՆՍԿԻ ՇՐՋԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԵԼ Է ՌԴ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումների մասին, հայտնել՝ ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունում:
«Լիսիչանսկի համար մարտերում Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են 12 ինքնաթիռ, 6 զենիթահրթիռային համակարգ, քաղաքում թողել 39 տանկ և զրահամեքենա։ 2 շաբաթվա ընթացքում ուկրաինական կողմը կորցրել է 5469 զինվորական»,- զեկուցել է նախարարը։
Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգի Գայդայի խոսքով էլ՝ ուկրաինական զորքերը Լիսիչանսկից հեռացել են առանց մարդկային կորուստների։
«Մեր զինվորականները դեռ երկար կարող էին պահել քաղաքը, բայց հիմա Ռուսաստանը նշանակալի առավելություններ ունի հրետանու և զինամթերքի առումով, մեզ ուղղակի կշրջափակեին, ուստի որոշեցինք նահանջել դեպի արևմուտք և շարունակել պայքարը ռուսական բանակի դեմ այնտեղից»,- մանրամասնել է Գայդայը։
ՆԱՏՕ-Ն ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՉԻ ՀԱՄԱՁԱՅՆԻ ԿԻԵՎԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ. ԿՈՒԼԵԲԱ
ՆԱՏՕ-ի երկրները մոտ ապագայում չեն համաձայնի Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։ Նման կարծիք է հայտնել արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան:
«Կառույցը, իհարկե, կշարունակի հանդես գալ բաց դռների քաղաքականության օգտին։ Կիևն էլ կշարունակի եվրատլանտյան ինտեգրման ուղին, սակայն մեր անդամակցության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշման փոփոխության նախադրյալներ չեմ տեսնում»,- պարզաբանել է դիվանագետը:
Նա ընդգծել է, որ Արևմուտքի անվտանգության երաշխիքներն Ուկրաինային չեն կարող դիտարկվել որպես այլընտրանք ՆԱՏՕ-ին անդամակցությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ Դաշինքի երկրները չեն ցանկանում ռազմական հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ և այդ պատճառով չեն ցանկանում Ուկրաինային հավաքական պաշտպանության երաշխիքներ տրամադրել:
ԱՄՆ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿԱ. ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Անկարային F-16 կործանիչներ վաճառելու հարցով Վաշինգտոնը դրական որոշում կկայացնի։
«ԱՄՆ-ի հետ հարաբերություններում առաջընթաց կա»,- ընդգծել է դիվանագետը՝ հիշեցնելով Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Ջո Բայդենի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիային անհրաժեշտ է ամերիկյան F-16 կործանիչներ վաճառել:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ Թուրքիան և Իսրայելը երկար ընդմիջումից հետո աշխատում են երկու երկրում դեսպաններ նշանակելու ուղղությամբ։
ԿԱՐԱԿԱԼՊԱԿՍՏԱՆՈՒՄ ՑՈՒՅՑԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 18 ՄԱՐԴ
Ուզբեկստանի Կարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունում սահմանադրական փոփոխությունների դեմ զանգվածային ցույցերի ընթացքում զոհվել է 18 մարդ, ընդհանուր առմամբ տուժել է շուրջ 250 մարդ՝ հայտնում են Ուզբեկստանի գլխավոր դատախազությունից։ Հանրապետությունում արտակարգ դրություն է հայտարարվել։
Ավելի վաղ երկրի իշխանությունները հրապարակել էին Սահմանադրության նախագիծը, որը բացառում է Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և Ուզբեկստանի կազմից դուրս գալու իրավունքը: Սակայն ցույցերից հետո Մեջլիսի օրենսդիր պալատը որոշում է կայացրել երկարաձգել սահմանադրական փոփոխությունների հանրային քննարկման փուլը և անփոփոխ թողնել Կարակալպակստանի կարգավիճակին վերաբերող դրույթները: