Հարութ Քոչարյան - Կարա աքլոր լինի, կարա հավ լինի, ա՛յ սենց փրչոտ ոտերով՝ սրանք բռամ սորտի հավերն են, համ մսատու, համ ձվատու:
Ոչ սովորական հավեր, սագի ճտեր, ֆազաններ, գույնզգույն թութակներ վաճառող՝ միայն կիրակի օրերին բաց Երևանի աղմկոտ թռչնաշուկան է։ Բնապահպանության և ընդերքի տեսչության մասնագետների այցն այստեղ ահազանգի հետքերով է․ եկել են ստուգելու սոցցանցային օգտատիրոջ գրառումը։
Սամվել Պիպոյան - Նորից ՀՀ կարմիր գրքում գրանցված փոքրասիական տրիտոնների անօրինական վաճառքի մասին։ Այսօր ականատես եմ լինում, որ մի փոքրիկ դույլի մեջ շուրջ 40-50 տրիտոն է վաճառվում:
Շուկայի փետրավորներին մի կողմ թողած՝ տեսուչներն արագ անցան ակվարիումների շարքով ու անմիջապես գտան փնտրածը։
Տրիտոնը սալամանդրների ընտանիքից, դինոզավրիկանման մողես է։ Հայաստանում շատ քիչ է հանդիպում, այդ պատճառով էլ պետության պահպանության տակ է՝ Կարմիր գրքի գրառումը ցույց է տալիս տեսչական մարմնի կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի ղեկավարը։
Արմեն Արաբյան (ՀՀ ԲԸՏՄ կենդանական աշխարհի վերահսկողության բաժնի պետ) - Ինքն ապրում է՝ Հայաստանում մի տեղ կա՝ Լոռվա մարզի Օձունի, Դսեղի ու Հագվիի մոտի Ճիլ գյոլի լճերում, իրանց ապրելակերպը թաքուն է:
Խիստ զգուշավոր այս մողեսներին բնության մեջ տեսնելն է նույնիսկ անհնար, ուր մնաց մանրիկներ բռնել: Տեսուչները առաջին հայացքից համոզվեցին, որ շուկայի տրիտոնները բուծված են։ Պարզվեց նաև՝ դրանք վաճառող վարպետ Աշոտը՝ շինշիլայից մինչև սողուններ աճեցնելու մեծ գիտակ է:
Աշոտ Հակոբյան - Իրանց որձերը պլավնիկով են լինում, աղջկերքը՝ առանց պլավնիկ, լողակները դրանք տղաներն են: Ստե եթե աճեցրած չլինի, ստե մանր էլ կա, խոշոր էլ կա, ավելի խոշոր էլ կա:
Մանրերը 200 դրամ արժեն, խոշորները՝ 700։ Տրիտոնի սիրահարները դրանք գնում, պահում են ակվարիումում, ինչպես ձուկը, ջրային կրիան։ Այս մողեսները, ի դեպ, գորտի պես երկկենցաղ են։
Ստուգայցը չլիներ՝ շուկայի ո՛չ այցելուները, ո՛չ էլ վաճառողների մեծ մասն այդպես էլ չէին իմանա տրիտոնի մասին։ Նկարահանումով հետաքրքրված՝ շատերը եկան դրանց տեսնելու։ Տեսուչներն այդ ընթացքում արձանագրություն կազմեցին առ այն, որ խախտում չկա:
Արմեն Արաբյան - Վաճառվում էր փոքրասիական տրիտոն, որը աճեցված է ակվարիումային պայմաններում, թույլատրելի է, չի արգելվում, եթե բնությունից վերցված լիներ, ինքը չկարողանար ապացուցեր, որ ինքը ակվարիումով ա բուծում, արդեն պատժամիջոց կլիներ, բայց մենք տեսանք, որ համ մի քանի օրականը կային, համ մի քանի ամսական կար, համ տարեկան:
Արաբյանն օրինակ բերեց․ Սևանի իշխանն էլ է Կարմիր գրքում գրանցված, բայց ձկնաբուծարաններում աճեցնում են, թույլատրվում է։ Տեղում հայտնի դարձավ, որ Հայաստանում անգամ սկյուռ բուծող ունենք։ Խնդիր չունենալու համար տեսուչները հրաժեշտին տեղեկացրին․ օրենքն օրերս լրացվել է, և վայրի բնությունում հանդիպող, ինչպես նաև Կարմիր գրքում գրանցված կենդանի բուծող-պահող-վաճառող-փոխանակող-արտահանող՝ բոլորը, պետք է հաշվառեն ունեցածն ու դիմեն նախարարություն՝ թույլտվություն ստանալու։ Դրա համար մեկ տարի ժամանակ ունեն։