ՀՀ պետական վերահսկողության ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են առերևույթ խախտումներ, որոնց վերաբերյալ կազմված տեղեկանքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը որոշելու նպատակով։
Այսպես, սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունում իրականացրած մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների պահպանման, ինչպես նաև հարկային պարտավորությունների կատարման առանձին դեպքերով խախտումներ, որի արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշների հարուցվել է քրեական գործ։
«Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Սվետլանա Հայրապետյան» ԱՁ-ի և «Հայաստանի ԴՕՍԱԱՖ» ՀՀ ՀԿ «Գյումրու ԴՕՍԱԱՖ» ՍՊ ընկերության վերաբերյալ իրականացված մշտադիտարկումների արդյունքներով՝ D և E կարգերի վարորդական վկայականներ ստանալու համար անհրաժեշտ վարորդական դասընթացների ավարտական քննությունները կազմակերպելու գործընթացում հայտնաբերվել են էական խախտումներ։
Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի հատկանիշներով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից ՀՀ մարզպետարաններից մեկում իրականացված ուսումնասիրության արդյունքում՝ քաղաքաշինական ոլորտի աշխատանքների հետ կապված հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որի արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Պաշտոնեական անփութությունը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ոլորտների վերահսկողության վարչության կողմից Աբովյան փ. 40/7 հասցեում գտնվող 54.0 քմ մակերեսով և Հալաբյան փ. 20/1 հասցեում գտնվող 462 քմ մակերեսով հողամասերի օտարման դեպքերի առթիվ իրականացված մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ նշված հողամասերն աճուրդով վաճառելու փոխարեն վաճառվել է ուղղակի վաճառքով։
Հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական դիրքի չարաշահում) 2-րդ մասի հատկանիշներով։
Ծառայությունը շարունակելու է օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, իսկ դրանց արդյունքում հայտնաբերված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող արարքներին օրենքով սահմանված կարգով տրվելու է ընթացք։