ԼՈՒԳԱՆՍԿԻ ՇՐՋԱՆՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԵԼ Է ՌԴ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հուլիսի 3-ին նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Լուգանսկի շրջանն ամբողջությամբ անցել է ռուսական կողմի վերահսկողության ներքո։
ՌԴ ՊՆ տվյալով՝ ռուսական ուժերին հաջողվել է առաջ շարժվել Լիսիչանսկի ուղղությամբ, որի համար վերջին շրջանում կատաղի մարտեր էին ընթանում։
Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է՝ ուկրաինական բանակի հրամանատարությունը զորքերը դուրս է բերել Լիսիչանսկից։
«Մենք կվերադառնանք, հետ կբերենք կորցրած հողերը մեր մարտավարության, ժամանակակից սպառազինության մատակարարումների շնորհիվ»,- վստահություն է հայտնել Ուկրաինայի նախագահը։
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ ԴԵՌ ՉԻ ԵԿԵԼ. ՋՈՆ ՔԻՐԲԻ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակը դեռ չի եկել՝ կարծիք է հայտնել Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
«Վոլոդիմիր Զելենսկին կարող է որոշել՝ ինչպիսին կլինի հաղթանակը և ինչ պայմաններով: Կշարունակենք աջակցել Կիևին, որպեսզի երկիրը հաջողության հասնի մարտի դաշտում, ինչպես նաև բանակցությունների սեղանի շուրջ. նույնիսկ նախագահ Զելենսկին ձեզ կասի, որ այժմ այդ քննարկումների ժամանակը չէ»,- պարզաբանել է Քիրբին:
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, իր հերթին, հիշեցրել է Կիևի պայմանները՝ անհապաղ զինադադար, ռուսական զորքերի դուրսբերում, գերիների վերադարձ, ռազմական հանցագործների արտահանձնում, երկրի վերականգնման մեխանիզմ, Ուկրաինայի ինքնիշխան իրավունքների ճանաչում.
«Ժամանակը կգա, և մենք կփաստաթղթավորենք այս կետերը»,- շեշտել է Պոդոլյակը։
ԿԻԵՎԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԵՌՆԱՆԱՎ Է ԿԱԼԱՆԵԼ. ԲՈԴՆԱՐ
Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը հայտարարել է, որ Կիևի պահանջով թուրք մաքսավորները 4.5 տոննա ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնատար նավ են կալանել։ Նրա խոսքով՝ թուրք քննիչները մտադիր են պարզել հացահատիկի ծագումը և հասկանալ՝ արդյոք ռուսական կողմը գողացե՞լ է ուկրաինական հացահատիկը։
Անկարան այս հայտարարությունը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է։
Թուրքիայում ՌԴ դեսպանատնից էլ հայտնել են, որ Անկարան պաշտոնապես չի ծանուցել ռուսական նավի կալանման մասին։
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՂՄԸ ՈՐԵՎԷ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՆԴԵՍ ՉԻ ԵԿԵԼ. ԻՐԱՆԻ ԱԳՆ
Դոհայում Իրանի միջուկային ծրագրի վերականգնման շուրջ բանակցություններին ամերիկյան կողմը որևէ նախաձեռնությամբ հանդես չի եկել՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Քեթրին Կոլոնայի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է Իրանի ԱԳ նախարարը։
«Մենք լուրջ ենք տրամադրված և ազնիվ ենք, ցանկանում ենք նշանակալի համաձայնության հասնել, Թեհրանը միշտ դրական գաղափարներով է հանդես եկել այս բանակցություններում»,- համոզմունք է հայտնել Ամիր Աբդոլլահիանը։
Նա, այնուհանդերձ, դրական է գնահատել Կատարի մայրաքաղաքում միջուկային հարցով քննարկումները, նշել՝ Իրանը ուզում է տեսնել՝ դիվանագիտական ինչ որոշումներ կկայացնի ամերիկյան կողմը։
ՇՆԱՁՈՒԿԸ ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՎՐԱ
Եգիպտոսի Հուրգադա քաղաքի մոտ շնաձուկը հարձակվել է ևս մեկ զբոսաշրջիկի վրա։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ շնաձկան հարձակման հետևանքով մահացել է 68-ամյա ավստրուհի։ Գիշատիչը կծել էր նրա ձեռքն ու ոտքը։
Այժմ երկրի շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հարձակման առաջին դեպքի վայրից 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է ևս մեկ դի։
Իշխանությունները աշխատանքային խումբ են կազմել՝ պարզելու ողբերգության հանգամանքները։
ԱՄՆ-Ը ՆՇՈՒՄ Է ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 246-ԱՄՅԱԿԸ
Հուլիսի 4-ին նշվում է Միացյալ Նահանգների Անկախության օրը։ Երկրի գլխավոր տոներից մեկն ամերիկացիները նշում են արդեն 246-րդ անգամ։
1776 թվականին այս օրն ընդունվել է Միացյալ Նահանգների Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեցին Բրիտանական Թագավորությունից գաղութների անջատումը և ԱՄՆ անկախ պետության ստեղծումը։
Երկրում ավանդաբար կազմակերպվում են հրավառություններ, տոնավաճառներ, համերգներ, մրցաշարեր։ Այս տարի մի շարք քաղաքներում, սակայն, հրաժարվել են տոնախմբություններ անցկացնելուց. պատճառը, ոչ պաշտոնական տվյալներով, երկրում ստեղծված քաղաքական և սոցիալական ճգնաժամային իրավիճակն է։