Իրանը նվազեցնում է իր առանց այն էլ էժան նավթի գինը՝ չինական շուկայի համար Ռուսաստանի հետ մրցակցելու նպատակով՝ գրում է Bloomberg-ը։ Երկու երկրների համար էլ Չինաստանը հում նավթի սակավաթիվ շուկաներից մեկն է, որը հասանելի է արևմտյան պատժամիջոցների պայմաններում:
Մայիսին ռուսական նավթի արտահանումը Չինաստան ռեկորդային ցուցանիշ է գրանցել, այն դարձել է Չինաստան հումքի գլխավոր մատակարարը՝ առաջ անցնելով Սաուդյան Արաբիայից: Այս ֆոնին Թեհրանը որոշել է իրանական նավթը մեկ բարելի դիմաց վաճառել գրեթե 10 դոլարով ավելի էժան, քան Brent նավթն է, որպեսզի կարողանա մրցակցել ռուսական Urals ապրանքանիշի վառելիքի հետ, գործակալությանն ասել են թրեյդերները։
Պատժամիջոցների տակ գտնվող մատակարարներից էժան նավթ գնելու Չինաստանի պատրաստակամությունը վնասում է նաև Արևմտյան Աֆրիկայի մատակարարներին, հատկապես Անգոլային, Գաբոնին և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը՝ նշում են վերլուծաբանները:
Հունիսի վերջին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է նավթի ասիական շուկայից դուրս մղել ՕՊԵԿ-ի երկրորդ խոշոր արդյունահանող Իրաքին։ Իրաքյան նավթի հիմնական գնորդները Չինաստանն ու Հնդկաստանն էին, սակայն այժմ նրանք մեծացրել են հումքի մատակարարումները Ռուսաստանից։