ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց նախագծերի փաթեթ, որը վերաբերում է առևտրի կենտրոնների առաջարկած զեղչերին: Առաջարկվում է ստեղծել որոշակի կանխատեսելի օրենսդրական հիմքեր ակցիաների կիրառման համար, որոնք կնպաստեն արդար առևտրի իրականացմանը, հասարակությանը մոլորեցնող դրսևորումների նվազեցմանը, ինչպես նաև մրցակցային միջավայրի բարելավմանը:
«Նախագծով սահմանված պահանջներին չհամապատասխանող ակցիայի իրականացումը կարող է հանգեցնել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով սահմանված՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության, որի վերահսկողության համար պատասխանատու պետական մարմինը ՄՊՀ-ն է»,- ասաց Գևորգյանը:
Գևորգյանը նշեց, որ սա առաջին հերթին օգնելու է տնտեսվարողներին, որոնք ավելի որոշակի միջավայրում կաշխատեն:
«Կհասկանան՝ ո՛ր պարագայում է իրենց կատարած զեղչը համարվելու զեղչ, ոչ թե հարատև գնով կվաճառեն ու դա անվանեն զեղչ: Օրինակ՝ չբարձրացնեն գները, 10 օր հետո հայտարարեն զեղչ, չասեն, որ ապրանքները խանութում զեղչվում են մինչև 70 տոկոս, բայց պարզվի, որ 70 տոկոսով, օրինակ՝ մեկ ապրանք է զեղչվել:
Տնտեսվարողն իրավունք ունի նշել առավելագույն զեղչի ծավալը միայն այն պարագայում, երբ ներկայացված տեսականու կամ մատուցված ծառայության առնվազն 1/5-րդը զեղչվում է այդ առավելագույն ծավալով»,- ասաց Գևորգյանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ներկայացված նախագծին: