Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման Հայաստանում է` առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու: Մեկնարկից առաջ նախ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարի ու Վերմայի առանձնազրույցն է
Միջկառավարական 8-րդ նիստի օրակարգը մեծ էր, քննարկվող հարցերի շրջանակը՝ լայն: Միրզոյանը շեշտում է՝ չնայած բավական ժամանակ է անցել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստից, բայց երկկողմ հարաբերությունների, համագործակցության զարգացման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվել. բարձրաստիճան փոխայցելություններ, բիզնես համաժողովների և հանդիպումների կազմակերպում։
Արարատ Միրզոյան (ՀՀ ԱԳ նախարար) - Այս տարին նաև խորհրդանշական է մեր երկու երկրների հարաբերությունների համար․ մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Տեղեկատվական տեխնոլոգիաներից մինչև դեղագործություն, գիտության, ռազմատեխնիկական ոլորտներ, գյուղատնտեսություն, տրանսպորտ, քաղաքացիական ավիացիա,զբոսաշրջություն և առողջապահություն: Բոլոր այս ուղղություններում էլ երկու երկրներն անելիք ունեն՝ ներուժը մեծ է. Միրզոյանի գնահատականն է:
Արարատ Միրզոյան - Պետք է գոհունակությամբ արձանագրել, որ վերջին տարիներին կտրուկ աճել են Հայաստան-Հնդկաստան ապրանքաշրջանառության ծավալները. այսպես` 2021 թ. այն կազմել է 181 միլիոն ԱՄՆ դոլար՝ 2016 թ. շուրջ 21 միլիոն ԱՄՆ դոլարի համեմատ:
Թվերը գոհացնող են, բայց դեռ չեն արտացոլում ողջ ներուժը, առևտրի ծավալների կտրուկ ավելացում է ակնկալվում: Հումանիտար, կրթական ու մշակութային բնագավառներում ևս կապը խորանում է: Դրա ապացույցներից է այն, որ Հայաստանում մոտ 2200 հնդիկ ուսանող կա: Իսկ Հնդկաստանում պետական հոգածությամբ խնամքով պահվում է մեր հարուստ մշակութային ժառանգությունը:
Հայ-հնդկական հարաբերությունների վերածնունդ՝ այսպիսին էր Վերմայի գնահատականը՝ վերջին 1 տարվա համագործակցությանը:
Սանջայ Վերմա (Հնդկաստանի Հանրապետության ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար) - Երկկողմանի ներդրումային պակաս կա, հարաբերությունները, կարելի է ասել, զրոյական կետից ենք սկսում, և կառավարության պարտավորությունն է հորդորել հնդիկ գործարարներին ուսումնասիրել Հայաստանում ներդրումներ կատարելու հնարավորությունները, որոնք ահռելի են:
Երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու համար կարևոր է ամրապնդել կապը երկու երկրի երիտասարդների միջև՝ Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարի կարծիքն է: Նշում է՝ բարձր տեխնոլոգիական ոլորտում Հնդկաստանը աշխարհում մոտ 350000 երիտասարդի է վերապատրաստել, շեշտում՝ Հայաստանից մասնակիցների թիվը մոտ 300 է՝ պետք է մեծացնել: Ավելացնել փոխայցերի քանակը:
Քննարկումը շարունակվեց փակ դռների հետևում մոտ 2 ժամ, իսկ ավարտին Միրզոյանն ու Վերման ստորագրեցին նիստի համաձայնեցված արձանագրությունը և փոխըմբռնման հուշագիր, որով Հնդկաստանը դրամաշնորհ կտրամադրի Հայաստանի համայնքների զարգացման համար:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան