Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Դահրավ համայնք, որտեղ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի համատեղ ջանքերով իրականացվում է «100 տուն Արցախում» նախագիծը, ծանոթացել աշխատանքներին։ Հարությունյանը եղել է նաև շահագործման հանձնված Հիլիսի ջրամբարի տարածքում։
Ամալյա Սարգսյան (բազմազավակ մայր) - Դահրավ գյուղն, ընդհանուր առմամբ, շատ լավ գյուղ է: Օդը մաքուր է, տարածքը ազատ է, տարածքի ոչ մի խնդիր չկա:
Սարգսյանները մեկն են այն 100 ընտանիքից, որ կապրեն Արցախի Դահրավ գյուղի նոր թաղամասում: Ծրագիրն իրականացվում է «Ապրելու Արցախ» հիմնադրամի և Հայաստանի հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ:
Սամվել Մովսիսյան («100 տուն Արցախում» ծրագրի համահիմնադիր) - Բնականաբար, մենք կցանկանայինք, որ արագ ստացվի ամեն բան, և հիմա էլ ցանկանում ենք: Դրա համար ամենօրյա կապի միջոցով փորձում ենք և՛ նվիրատուների, և՛ շինարարների հետ կապն ամուր պահել, ընթացքը տանել առաջ, բայց շինարարություն է, հասկանում եք, որ լինում են թերություններ, դժվարություններ, ինչու չէ` նաև նվիրատվությունների հետ կապված, ֆինանսական, բայց փորձում ենք անել մեր լավագույնը, ամենակարևորը:
«100 տուն Արցախում» ծրագրի ընթացքին ծանոթացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Արցախի կառավարությունը բարեգործական ծրագրին մասնակցում է հողահատկացմամբ, տների հիմքերի կառուցմամբ, թաղամասի բարեկարգմամբ: Կառուցվող 9 առանձնատնից շուտով նորամուտ կնշեն 6-ում:
Սամվել Մովսիսյան - Առաջնային նպատակն այն է, որ հուլիսի 30-ին 6 առաջին ընտանիքներն այստեղ կապրեն: Նաև ունենք մարդիկ, ովքեր աջակցելու են այդ ընտանիքների կեցության և հետագա աշխատանքների հետ կապված:
Դահրավի նոր թաղամասում կապրեն տեղահանված ընտանիքներ: Երեխաների կրթության, հետաքրքիր ժամանցի համար կբարեկարգվի համայնքի մշակույթի տունը, կկառուցեն մանկապարտեզ ու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն: Իսկ չափահասների զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրեր կիրագործի Արցախի կառավարությունը:
Ամալյա Սարգսյան - Քանի որ ես գյուղը շատ եմ սիրում՝ իր ամեն ինչով, ամեն տեսակով, որոշեցինք վերցնել տունը Դահրավում:
Աշխատանքային շրջայցի ընթացքում Արցախի նախագահը եղել է 2007-ին փլված Հիլիսի ջրամբարում: Պատերազմից հետո պետական միջոցներով կառուցվել է նոր պատվար, և Նորագյուղում կրկին ոռոգվում է 300 հեկտար հողատարածք:
Գեորգի Հայրիյան (Արցախի ջրային կոմիտեի նախագահ) - Հետագա կորուստներից զերծ մնալու համար բաց ջրանցքով ջուրը բաց չթողնել, այլ նոր խողովակաշար կառուցել համապատասխան տրամաչափի: Ըստ նախագծի` կհաշվարկվի տրամաչափը, ջուրը հողօգտագործողին կհասցվի անկորուստ եղանակով:
Հետպատերազմական հաջորդ խոշոր ծրագիրն ուղղված է Կարկառ գետի ջրի արդյունավետ օգտագործմանը, ըստ այդմ` Ասկերանի շրջանում կոռոգվի ավելի քան 2 հազար հեկտար դաշտ ու այգի:
Համլետ Ապրեսյան (Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար) - Բավականին մեծ սպասելիքներով և արդեն իսկ իրականություն դարձող ծրագիր է: Հիմնականում Ասկերանի, Խնապատ, Խրամորթ, Վարդաձոր, Նախիջևանիկ, Սառնաղբյուր համայնքների գյուղատնտեսական տարածքներն են ընդգրկում: Մեծամասամբ այգիներ են հիմնադրվել և հիմնադրվելու են:
3 միլիարդ դրամ արժողությամբ ծրագիրն ավարտական փուլում է, մնացել է աշխատանքների 10 տոկոսը կատարել: Նախագահ Հարությունյանը հանձնարարել է դրանք կատարել մինչև նոյեմբեր: