Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները շարունակում են անզիջում պայքարը քրեակատարողական հիմնարկներում արգելված իրերի, թմրամիջոցների շրջանառության, ինչպես նաև թղթախաղերի դեպքերի բացառման ուղղությամբ:
Հավատարիմ մնալով Կառավարության որդեգրած թափանցիկ և հաշվետու կառավարման քաղաքականությանը՝ արդարադատության նախարարությունն այսուհետ կներկայացնի նախորդ ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույց:
Հունիս ամսվա ընթացքում քրեակատարողական տարբեր հիմնարկներում կալանավորված անձանց մոտ հայտնաբերվել են թմրանյութ պարունակող թաքցված փաթեթներ:
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կարճատև տեսակցությունից դուրս գալուց հետո փոխել է կոշիկները, որոնց մեջ պահել էր 5 թմրամիջոցին նմանվող և փոշենման զանգվածներով փաթեթներ:
Նույն ՔԿՀ-ում քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքի զննության արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 0,82 գրամ քաշով սպիտակ փոշենման զանգված, որը լցված է եղել հանձնուքում առկա, միմյանց վրա շարված 11 հատ մեկանգամյա օգտագործման պլաստմասսայե ափսեների արանքներում:
Քրեակատարողական հիմնարկներից մեկի բնակելի գոտու բաժանարար պատի մոտակայքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որի մեջ եղել են սպիտակ փոշի և դեղահաբի նմանվող հատիկներ:
Խուզարկության է ենթարկվել նաև քրեակատարողական հիմնարկների խցերից մեկը, որտեղ հայտնաբերվել է ասեղով ներարկիչ, ևս մեկ ներարկիչ հայտնաբերվել է խցի սանհանգույցի լվացարանի հետնամասից:
Վերը թվարկված բոլոր դեպքերով քրեական գործի շրջանակում նախապատրաստվում են նյութեր, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ: Մանրամասն զեկույցը ներկայացված է կից տեղեկապատկերում: