Անձի վերաբերմունքը սեփական կարողությունների նկատմամբ պետք է փոխվի: Այս նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ծուլացնողից ակտիվացնող ծրագրեր է մշակել: Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության 2022-26 թթ. ռազմավարությունը»։
Վիկտորյա Այդինյան (ՀՀ ԱՍՀ նախարարի խորհրդական) - Մինչ այժմ սոցիալական պաշտպանության համակարգը եղել է առավելապես պասիվացնող, այսինքն՝ տրամադրվել են կարիքի, իրավունքի հիման վրա սոցիալական աջակցության փաթեթներ, սոցպաշտպանության համակարգը գործել է, բայց թերի են եղել այն խթանները, որոնք կօգնեին, կաջակցեին անձին աշխատանքի, անհատական ջանքի միջոցով հաղթահարել աղքատությունը:
Նոր ռազմավարության հիմքում վերափոխման նպատակն է: Այսինքն՝ ստեղծել միջավայր, պայմաններ, որոնք քաղաքացուն հնարավորություն կտան աստիճանաբար բարձրացնելու կենսամակարդակը, աշխատանքի արտադրողականությունը:
Վիկտորյա Այդինյան - Նոր ռազմավարությունն առաջին հերթին պետք է փոխի անձի մտածելակերպը աղքատության ու աշխատանքի նկատմամբ: Շեշտադրումն աշխատանքն է ու կարողությունների շարունակական զարգացումը: Մենք պիտի հասկանանք, որ անձը 21-րդ դարում ստիպված է լինելու 2-3 անգամ մասնագիտություն փոխել, ու պետությունը չի պասիվացնելու քաղաքացուն, պետությունն օգնելու է, որ անձը ինքնուրույն կարողանա իրացնել իր պոտենցիալը:
Ռազմավարությունը սահմանում է սոցիալական պաշտպանության համակարգի զարգացման տեսլականը, նպատակները և ակնկալվող արդյունքները:
Վիկտորյա Այդինյան - Սկսել ենք երեխաներից, էստեղ առավել շեշտադրել ենք կանխարգելիչ ծառայությունների անհրաժեշտությունը ու շեշտը դրել ենք այնպիսի միջավայրի պայմանների վրա, որոնք երեխային հնարավորություն կտան իրացնել իր իրավունքները: Բռնությունից զերծ միջավայր, շահագործումից զերծ միջավայր:
Գերակա ուղղություններից են աշխատանքի խրախուսումը, զբաղվածության խթանումը, աղքատության նվազեցումը: Գործազուրկ, կրթությունից ու աշխատաշուկայից դուրս մնացած երիտասարդների թիվը մեծ է, դրա համար էլ խումբն առանձնացված է:
Վիկտորյա Այդինյան - Ընդլայնելու է կարիերայի, կրթության ուղղորդման առկայությունները, որ երիտասարդներն ի վերջո հասկանան՝ ո՛րն է իրենց դերը աշխատաշուկայում, ի՛նչ մասնագիտություն ընտրել, ի՛նչ փափուկ հմտություններ է պետք ձևավորել:
Աշխատունակ անձանց համար նոր ծրագրեր կլինեն, որոնք կհեշտացնեն աշխատավարձի բարձրացման, ավելի լավ աշխատանք գտնելու հավանականությունը:
Վիկտորյա Այդինյան - Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձինք, որոնց համար մշակվելու են այն միջավայրային խթանիչ պայմանները, որոնք կնպաստեն աստիճանաբար հաղթահարել աղքատությունը, կյանքի դժվարին իրավիճակը:
Նախարարությունում կարծում են, որ տարեցները նույնպես ունեն բավարար ներուժ՝ ակտիվ սոցիալ-տնտեսական, մշակութային կյանք վարելու համար:
Վիկտորյա Այդինյան - Բացի նրանից, որ մենք շարունակաբար բարձրացնելու ենք կենսաթոշակները՝ նվազագույնը հասցնելով պարենային զամբյուղի, իսկ միջին կենսաթոշակը՝ սպառողական զամբյուղի արժեքին: Մենք նաև ստեղծելու ենք պայմաններ, առանձին ծրագրեր, որոնք կնպաստեն, որ տարեցները զուգահեռ նաև աշխատեն:
Նախարարության նպատակն է ունենալ ավելի բարեկեցիկ հանրույթ, որը կկարողանա ինքնուրույն ապահովել իր ընտանիքի բարեկեցությունը՝ վստահ լինելով, որ պետությունն իր կողքին է: