Մայիսին հայաստանյան բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն ամենաբարձրն է եղել: Բանկերը ներգրավել են 4 տրլն 67 մլրդ դրամի չափով ավանդ, որից 3 տրլն 158 մլրդ դրամը՝ ռեզիդենտներից, 909 միլիարդը՝ ոչ ռեզիդենտներից:
Ավանդների ծավալը նախորդ մայիսի համեմատ ավելի է 8.7, 2020-ի մայիսի համեմատ՝ 18.6, իսկ 2019-ի համեմատ՝ 30.7 տոկոսով:
Բագրատ Ասատրյան (տնտեսագետ) - Մեր տնտեսության մեջ, ֆինանսական շուկայում ավանդը մնում է նախապատվելի ներդրումային եղանակը, ձևը: Մենք դեռ չունենք, ինչպես միշտ ասում էինք՝ ֆինանսական շուկա, չունենք այլընտրանք, խոսքը ազգաբնակչության համար է ներդրումների, և բնակչությունը, այո՛, այստեղ մի գործոն էլ կա, որ վստահությունը բանկային համակարգի նկատմամբ և՛ կա, և՛ գնալով բարձրանում է:
Աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ վերջին շրջանում որոշակիորեն աճել են օտարերկրացիների ավանդները: Կենտրոնական բանկից նշում են՝ քաղաքացիները վստահում են բանկային համակարգին, և հենց դա է ավանդների աճի պատճառը:
Կարեն Բաբայան (ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի վերլուծությունների բաժնի պետ) - Եթե մենք ուսումնասիրում ենք մեր հասարակության վարքագիծը շոկերի արդյունքում, նրանց արձագանքը ճգնաժամային, շոկային իրադարձություններին, վստահ կարող ենք փաստել, որ 2008-ից հետո հասարակությունը շատ ավելի պակաս զգայուն է դարձել ինչ-որ շոկերին:
Դեռևս որոշակիորեն շարունակում են գերակշռել արտարժույթով ավանդները՝ 50.6 տոկոս, մնացած՝ 49.4 տոկոսը դրամով խնայողություններն են: Թե ինչու է արտարժույթը դրամից նախընտրելի՝ մասնագետները բացատրում են:
Բագրատ Ասատրյան - Հետ գցելու համար մարդիկ մտածում են հետ գցել ավելի հուսալի արժույթով, որը բնական, նորմալ երևույթ է մեր տիպի տնտեսությունների համար: Ի վերջո, դրամը պատմականորեն արժեզրկվել է, թեև երբ որ խոսում ենք արդեն մասնավոր և կոնկրետ դեպքերի մասին, դրամը բավականին կայուն արժույթ է, շատ ավելի կայուն է, քան, ասենք՝ դոլար-եվրո զույգը, չեմ խոսում ռուսական ռուբլու մասին:
Եթե կայուն դրամի պայմաններում ենք դիտարկում, ապա միանշանակ է, որ քաղաքացիների համար ավելի շահավետ է հենց ազգային արժույթով խնայողություններ պահելը՝ հաշվի առնելով համեմատաբար ավելի բարձր եկամտաբերությունը:
Կարեն Բաբայան - Դոլարիզացիայի ցուցանիշը ժամանակ առ ժամանակ տատանվում է, որովհետև մարդիկ որոշակիորեն արձագանքում են տեղի ունեցող զարգացումներին, վարքագիծը փոխում են: Ընդհանուր միտումը դոլարիզացիայի նվազման ուղղությամբ է:
Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա ավանդների բարձր մակարդակը դեռ կպահպանվի: Այլ խնդիր է մնացած ֆինանսական գործիքները ևս զարգացնելը, որպեսզի քաղաքացին իր խնայողությունները ներդնելու այլընտրանք ունենա:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան