Հռոմում ավարտված Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությունում Հայաստանը 5 մեդալ է նվաճել, որոնցից երեքը՝ ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե։
Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն է զբաղեցրել։
Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթողի տիտղոսը նվաճել են 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը, 79 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանը և 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը։ Արծաթե մեդալակիր է դարձել 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, իսկ պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է 61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը։ Հայկ Պապիկյանը 70 կգ քաշայինների եզրափակչում գոտեմարտել է Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովի հետ և 3:2 հաշվով փայլուն հաղթանակ տարել:
Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշայինների եզրափակչում 9:4 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Լյովա Գևորգյանը ոսկե մեդալի համար գոտեմարտում 13:2 հաշվով առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Մերաբ Սուլեյմանաշվիլիի նկատմամբ։
Եզրափակչի մեր մյուս մասնակիցը՝ 57 կգ քաշային Հարություն Հովհաննիսյանը, 0:9 հաշվով ցավալի պարտություն է կրել Իտալիայի ներկայացուցչի հետ գոտեմարտում և բավարարվել արծաթե մեդալով։
Հայկ Աբրահամյանն էլ բրոնզե մեդալ է նվաճել՝ 3-րդ տեղի համար պայքարում 8:3 հաշվով հաղթանակ տանելով Ռումինիայի ներկայացուցչի նկատմամբ։ Հիշեցնենք՝ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ավելի վաղ 1 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ էր նվաճել երիտասարդական ԵԱ-ում։
Հունահռոմեական ոճի ըմբիշներից ոսկե մեդալակիր էր դարձել 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը, արծաթե մեդալ էր նվաճել Աշոտ Խաչատրյանը (67 կգ), իսկ 87 կգ քաշային Վիգեն Նազարյանն ու 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը դարձել էին բրոնզե մեդալակիրներ։