ԿԱՅԱՑԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Տեղի է ունեցել Թուրքիայի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուի և Ալեքսանդր Շալենբերգի հանդիպումը։ Դրան հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին:
«Վստահության մակարդակը բարձրացնող որոշ քայլեր են արվել, ինչպես, օրինակ՝ օդային բեռնափոխադրումների մեկնարկը: Մենք ցանկանում ենք շարունակել այս կառուցողական երկխոսությունը»,- նշել է Չավուշօղլուն՝ հերթական անգամ շեշտելով, որ Անկարան իր գործողությունները համակարգում է Բաքվի հետ։
Շնորհակալություն հայտնելով Ավստրիային Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը հյուրընկալելու համար, Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ ցանկալի կլիներ հետագա բանակցություններն անցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում:
ԱՄՆ-ն ԿԱՐՈՂ Է ՆՊԱՍՏԵԼ ԲԱՔՈՒ-ԵՐԵՎԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ և կարծիք հայտնել, որ Վաշինգտոնը կարող է նպաստել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
«Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման և տնտեսական առաջընթացի համար բարենպաստ պայմաններ են ստեղծվել. կարծում ենք՝ այժմ Միացյալ Նահանգները կարող է կարևոր դեր խաղալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման, մարդկանց միջև կապերի հաստատման, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործում»,- նշել է Ալիևը։
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՐԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ
Թեհրանում տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Հոսեին Ամիր Աբդոլլահիանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ գործակցության մի շարք հարցեր։
Աբդոլլահիանն ընդգծել է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը։
«Հակամարտության սկզբից ի վեր Իրանը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է նպաստել երկխոսության միջոցով խնդրի լուծմանը։ Կողմերի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պետք է հարգվեն»,- հավելել է Աբդոլլահիանը։
Դիվանագետը տեղեկացրել է նաև, որ նախատեսվում է փորձագետների, այնուհետև Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով «3+3» տարածաշրջանային ձևաչափով հանդիպումը։
Քննարկվել են նաև Արաքս գետի և շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներին առնչվող հարցեր։
ԵՄ-Ն ԿԻԵՎԻՆ ՄՈՏ 6.2 ՄԼՐԴ ԵՎՐՈՅԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ. ԼԱՅԵՆ
Եվրահանձնաժողովը Կիևին առաջարկել է Ուկրաինայի վերականգնման համար միջոցների հավաքագրման հարթակ ստեղծել, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ելույթ ունենալով Շվեյցարիայում Ուկրաինային օգնության դոնորների միջազգային համաժողովում։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն Ուկրաինային արդեն մոտ 6,2 միլիարդ եվրոյի աջակցություն է տրամադրել:
Ուրսուլա ֆոն դեր Լայեն (Եվրահանձնաժողովի ղեկավար) - Երկրի վերականգնման մարտահրավերները ահռելի են, բայց ոչ անհաղթահարելի: Ուկրաինան պետք է ավերակներից հառնի ավելի կանաչ, թվային և կայուն տնտեսությամբ: Դա կլինի այն երկիրը, որի մասին երազում են ուկրաինացիները:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, իր հերթին, նշել է, որ երկրի վերականգնման համար կպահանջվի 750 միլիարդ դոլար։
Դենիս Շմիգալ (Ուկրաինայի վարչապետ) - Ո՞վ պետք է վճարի այդ գումարը: Կարծում ենք՝ Ռուսաստանի և ռուս օլիգարխների բռնագանձված ակտիվները պետք է ծառայեն որպես ֆինանսավորման հիմնական աղբյուր: Տարբեր գնահատականների համաձայն՝ խոսքը 300-500 միլիարդ դոլարի մասին է։
ԶՄԵԻՆԻ ԿՂԶԻՆ ԱՆՑԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԶՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Ուկրաինացի զինվորականները Սև ծովի Զմեինի կղզում տեղադրել են երկրի պետական դրոշը. հայտնել են պաշտպանության նախարարությունից։
«Ռազմական գործողությունն ավարտվել է, այժմ տարածքը Ուկրաինայի վերահսկողության տակ է»,- նշել են գերատեսչությունում։
Հունիսի 30-ին ռուսական ուժերը դուրս էին բերվել կղզուց, պաշտոնական Մոսկվայի պնդմամբ՝ որպես բարի կամքի դրսևորում։