Եվրամիությունը հրաժարվել է ընդունել Լեհաստանի օրենսդրության փոփոխությունները, որոնք կոչված են վերացնելու ԵՄ-ի և Լեհաստանի միջև դատական համակարգի հարցում առկա հակասությունները: Դա անսպասելի և «ծանր» հարված էր Վարշավայի համար՝ գրում է գերմանական Die Welt թերթը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել էր Գերագույն դատարանի կարգապահական պալատը լուծարելու մասին օրենքը, ինչի պատճառով Եվրահանձնաժողովը տուգանել էր հանրապետությանը։
Հրատարակության համաձայն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վերա Յուրովան, ի պատասխան Եվրախորհրդարանի պատգամավորի հարցման, Լեհաստանի ընդունած օրենքն անվանել է ԵՄ դիրքորոշմանն «անհամապատասխան»։ Պարբերականը գրում է, որ առաջատար փորձագետները նախազգուշացրել են Եվրահանձնաժողովին, որ նոր օրենքում փոփոխությունները միայն կոսմետիկ բնույթ են կրում և իրականում շրջանցում են Եվրահանձնաժողովի և Վարշավայի վիճահարույց հարցերը։
Արդյունքում՝ Վարշավան ստիպված կլինի կրկին վերանայել իր օրենսդրության դրույթները, հակառակ դեպքում չի ստանա ԵՄ «հետհամավարակային վերականգնման» հիմնադրամից 35 մլրդ եվրոն: Իսկ դրա կարիքը Լեհաստանը խիստ զգում է, երկրի տնտեսական վիճակը վատթարանում է, գնաճը կազմում է 13,9 տոկոս: Բացի դրանից, Լեհաստանն ընդունել է մոտ 4 մլն փախստականի Ուկրաինայից, ինչը նույնպես մեծ բեռ է երկրի տնտեսության համար: