ԿՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԵՆ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄՆ» ՈՒ «ՀԵՐ-ՀԵՐ» ՀԷԿ-Ը
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արմենիկում» ընկերությունն ու «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայանը մասնավորեցնելու հարցը: Հիմնական զեկուցող պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի խոսքով` այս ընկերությունների մասնավորեցման նպատակը գույքի առավել արդյունավետ օգտագործումն ու ստացված միջոցների հաշվին պետական ու համայնքային բյուջեների ավելացումն է:
Առնակ Ավետիսյան (Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ) - Այս տարի կսկսվեն մասնավորեցման աշխատանքները: «Արմենիկում»-ն ունի հիմնական միջոցներ, անշարժ ու շարժական գույք՝ Շերամի 2 հասցեում, Նալբանդյան փողոցում:
Հիմնական զեկուցողին հարցերը ընկերությունների շահութաբերության, դրանց մասնավորեցման նպատակահարմարության մասին են: Այնպես չստացվի, որ մեծ արժեք ունեցող ընկերությունները ցածր գնով մասնավորեցվեն՝ նշում են պատգամավորները: Գործընթացը պետք է թափանցիկ լինի՝ շարունակում է նիստը վարող Հովիկ Աղազարյանը:
Առնակ Ավետիսյան - Կազմակերպությունը երկար ժամանակ չի զբաղվում առողջապահական գործունեությամբ, հիմնական գործառույթը տարածքը վարձով տալն է: «Հերհերի» հիդրոէլեկտրակայանը դրվածքային 1.2 մեգավատ է, փաստացի վերջին տարիներին 350-40 կվտ հզորությամբ, անհրաժեշտ է կապիտալ ներդրումներ, ջրի ապահովման աշխատանքներ իրականացնել: Տարեկան 2.5-4.5 միլիոն կվտ էլեկտրաէներգիա է արտադրում, շահույթով է աշխատում:
ԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԶԵՂՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՆԱԽԱԳԾԻՆ
Տնտեսական հանձնաժողովը առաջին ընթերցմամբ քննարկեց նաև «Առևտրի և ծառայությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը նշեց՝ ներկայումս ակցիա իրականացնողների գործողություններում նկատվում են որոշակի խնդիրներ՝ հասարակությանը ենթադրյալ մոլորեցման դրսևորումներ: Որ չլինի այնպես՝ մարտի 8-ին հայտարարված զեղչը, ասենք, մարտի 28-ին էլ առանց զեղչի նույն գինը ունենա, Գևորգյանն առաջարկում է հարկային օրենսդրության իմաստով սահմանել «զեղչի» բովանդակությունը:
Գեղամ Գևորգյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ) - Սահմանել «ակցիա» հասկացությունը, զեղչի կիրառման պայմանները, ժամկետները, ելակետային գին, հրապարակման տառաչափը, իրազեկման պայմանները, դադարեցման պայմանը:
Եթե տնտեսվարողը հայտարարել է, օրինակ, 40 տոկոս զեղչ, ապա ապրանքների 1/5-ը, մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պնդմամբ, պետք է զեղչված լինի: Օրենքում փոփոխության նախագիծն էլ նպատակ ունի սպառողների և տնտեսվարողների միջև վստահության միջավայր ստեղծել:
Գեղամ Գևորգյան - Օրինակ՝ չբարձրացնեն գինը ու տասը օր հետո 50-60-70 տոկոս զեղչեն, կամ գրեն «70 տոկոս զեղչ», բայց պարզվի՝ մի հատ ապրանք կա:
ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ 200 000 ԴՐԱՄԻ ՉԱՓՈՎ
Օրակարգային 5-րդ հարցը շահումով խաղերի, խաղատների գործունեությանն էր վերաբերում. զեկուցողն է ՊԵԿ նախագահի տեղակալը: Ծովինար Սողոմոնյանի գնահատմամբ՝ հարկային օրենսգրքում նախաձեռնված փոփոխությունների նպատակն է՝ հարկային մարմնին հնարավորություն տալ ընթացիկ հսկողություն իրականացնել խաղատներում գործարքների նկատմամբ:
Ծովինար Սողոմոնյան (ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ) - Վերջին փոփոխությամբ նախատեսված էր` խաղատան կազմակերպիչը պարտավոր է ապահովել խաղանիշների փոխանակումը բացառապես անկանխիկ, պահանջի համար պատասխանատվություն չկար, խախտելու դեպքում փոփոխությամբ կտուգանվի:
Օրենքի պահանջները խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ 200 000 դրամի չափով: Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկված օրենքի նախագծերը ստացան դրական եզրակացություն: