Ուզբեկստանի խորհրդարանի ստորին պալատը կողմ է արտահայտվել երկրի Սահմանադրության մեջ Կարակալպակստանի Հանրապետության ինքնիշխանության մասին դրույթների պահպանմանը, հայտնում է РИА Новости-ն։
Հուլիսի 1-ին Կարակալպակստանի մայրաքաղաք Նուկուսում ցույց է տեղի ունեցել՝ Ուզբեկստանի Սահմանադրությունից շրջանի ինքնիշխանությունը հանելու ծրագրի դեմ։
Նախագահ Շավքաթ Միրզիյոևը ժամանել է տարածաշրջան և առաջարկել է պահպանել ինքնիշխանության և պետությունից Կարակալպակստանի անջատման իրավունքի կետերը։
Ուզբեկստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է կարգուկանոնի վերականգնման մասին: Անվտանգության ուժերը բերման են ենթարկել ցույցի կազմակերպիչներին՝ 516 մարդու, նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել։ Գլխավոր դատախազության տվյալներով՝ խռովության ժամանակ զոհվել է 18 մարդ։
Մինչև օգոստոսի 2-ը հանրապետությունում կգործի արտակարգ դրություն, կմտցվի պարետային ժամ։
Շուրջ 2 մլն բնակչությամբ Կարակալպակստանի Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում, երկրի ամենամեծ շրջանն է, զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է պայմանագիր, ըստ որի Կարակալպակստանը Ուզբեկստանի մաս է կազմում՝ ինքնիշխան հանրապետության կարգավիճակով: Տարածաշրջանը նաև իրավունք է ստացել համապատասխան հանրաքվեի հիման վրա դուրս գալ Ուզբեկստանի կազմից: