Ստեփանակերտի Թումանյան, Իսակով, Բաղրամյան, Աբովյան, Մկրտչյան և Բրյուսովի փողոցներում բարեկարգման աշխատանքներ են ընթանում: Ընդ որում` խոսքը միայն ասֆալտապատման մասին չէ: Դրանից առաջ այստեղ շինարարներն ապահովել են ստորգետնյա և վերգետնյա ենթակառուցվածքները:
Արմեն Բաբայան (Արցախի քաղաքաշինության նախարարության գլխավոր մասնագետ) - Բարեկարգումը ներառում է ոչ միայն աֆալտապատում, այլ նաև ստորգետնյա ենթակառուցվածքները, գազատարների տեղափոխումը, արտաքին լուսավորությունը, բարձր լարման հոսանքագծի տեղափոխումը, մայթերի և ճանապարհների պատվածքը և վերջում՝ ճանապարհի կահավորումը և գծանշումը:
Փողոցները բարեկարգվում են պետական ֆինանսավորմամբ՝ Արցախի քաղաքաշինության նախարարության պատվերով: Ճանապարհաշինարարները գեներալ Պարսեղովի փողոցի մի հատվածում ասֆալտապատումն ավարտել, տեղափոխվել են Աբովյան փողոց:
Տիգրան Եղիազարյան (կապալառու ընկերության աշխղեկ) - Կատարում ենք բարեխիղճ և որակով ասֆալտապատման աշխատանքներ: Ներկա պահին աֆալտը ստանում ենք մեր «Իվանյան» մասնաճյուղից, անընդհատ պրոցեսի մեջ է, ուշացման խնդիր չկա, ասֆալտի սառելու հետ կապված խնդիրներ չունենք:
Որպեսզի ասֆալտը երկար կյանք ունենա, պետք է օգտագործել նոր սերնդի տեխնիկա,-ասում են ճանապարհաշինարարները: Այն թույլ է տալիս ապահովել չափանիշներին համապատասխան ասֆալտի ծածկ:
Տիգրան Եղիազարյան - Աշխատում ենք ժամանակակից տեխնիկաներով, որոնք իրենց հերթին նպաստում ենք ասֆալտի որակին, այսինքն՝ հարթությունը, խտությունը կարգավորում են ավտոմատ, որը կնպաստի կատարված աշխատանքի երկարակեցությանը:
Ստեփանակերտի որոշ փողոցներում շինարարությունը սկսվել էր դեռ 2019-ին: 2020-ի պատերազմի պատճառով, սակայն, բարեկարգման ծրագիրն ավարտում են հիմա:
Արմեն Բաբայան - Աշխատանքները պայմանագրով սկսվել են 2019 թվականի նոյեմբերից, 2020 թվականին պետք է ավարտած լինեինք, բայց պատերազմը, պարզ է, խանգարեց, հետո եղանակային պայմաններից ելնելով՝ վերջնական փուլի աշխատանքները տեղափոխվել են այս տարվա ամառը:
Կրկին պետական ֆինանսավորմամբ այս տարի կբարեկարգվեն նաև Ստեփանակերտի Հին Արմենավան թաղամասն ու Հուրունցի փողոցը: