Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորների թիվը հասել է 39-ի։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերին, ուժգնությունը գնահատվել է 6,1 բալ։ Առաջին ցնցմանը հաջորդել է 33 հետցնցում։
Եվրոպական Միությանը Արևմտյան Բալկանների երկրների ինտեգրման դանդաղ գործընթացը Բրյուսելի խայտառակությունն է, իսկ Բոսնիա և Հերցեգովինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը սխալ է։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարը:
«Հունգարիան աջակցում է Բոսնիա և Հերցեգովինայի, Եվրոպայի կայունությանն ու ԵՄ-ին Սարաևոյի ինտեգրմանը»,- հայտարարել է Պետեր Սիյարտոն։ Նախարարն ընդգծել է՝ Հունգարիան մշտապես համարել է, որ Եվրոպական միության ընդլայնումը կարող է լուծել պատմական բոլոր տարաձայնությունները:
Ռուսաստանը մեկուսացված է աշխարհից՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։
«Կարծում եմ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կոտրվել է: Նոր իրավիճակում Ռուսաստանի և այլ երկրների միջև նոր «երկաթե պատ» է հայտնվել»,- ասել է Պեկա Հաավիստոն, հավելել՝ դրա պատճառը Ուկրաինայում պատերազմն է։
Նա մտահոգություն է հայտնել աշխարհում լարվածության աճի և ոչ կոնվենցիոնալ զենքի հնարավոր կիրառման սպառնալիքի կապակցությամբ:
Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և Հանրապետության կազմից դուրս գալու իրավունքը: Կարակալպակստանն զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը: Այստեղ բնակվում է մոտ երկու միլիոն մարդ:
Տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում և այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ ձերբակալվել են, ներգրավվել են ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։
Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ քաղաքացիներն ուղղակի սխալ են մեկնաբանում սահմանադրական բարեփոխումները: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածաշրջանում հասարակական կարգը վերականգնվել է:
Ուզբեկստանի Սահմանադրության մեջ նախատեսվում է կատարել շուրջ 170 փոփոխություն։ Դրանց համաձայն առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձնել յոթ տարի, ինչպես նաև զրոյացնել երկրի ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետները։