Խոշոր փաթեթը Իջևան-Գանձաքար-Իծաքար 35 կմ ճանապարհի կառուցման աշխատանքային նախագիծն է: Նախագիծը իրականացման փուլում է. սկսվել է շինարարությունը:
Գոռ Ավետիսյան («Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն) - Կդառնա Հայաստանի լավագույն ճանապարհներից մեկը: Ունենալու ենք 3-րդ տեխնիկական կարգի համապատասխանող ճանապարհ, երկգոտի ճանապարհ, 6,6 մետր լայնությամբ, շրջանցող հատվածների լայնությամբ, նոր ճանապարհային նշաններ, կահավորումով:
Գոռ Ավետիսյանը շեշտում է՝ շինարարության հիմքում դրվել է կարևորը՝ անվտանգության բաղադրիչը. ճանապարհն ունենալու է մետաղական արգելափակոցներ: Տավուշի մարզի այս ճանապարհը առաջին անգամ կասֆալտապատվի: Տեղացիներին հայտնի՝ Աղստև գետի ճանապարհին խորհրդային տարիներից ի վեր աշխատանք գրեթե չի իրականացվել:
Գոռ Ավետիսյան - Սկզբնական 5,6 կմ-ը բարվոք վիճակում է, նորոգում ենք դեպի Բերդ գնացող՝ Գանձաքարից հետո Այգեպար գնացող հատվածը: 35-ից 28 կմ-ը կավարտենք այս տարի: Հիմքն ամբողջությամբ կբերվի նախագծային նիշի, առաջիկա մեկ ամսում կմեկնարկեն ասֆալտապատման աշխատանքները:
Իջևան-Գանձաքար-Իծաքարը կառուցվում է պետական միջոցներով՝ 4.5 մլրդ դրամով: Սա ճանապարհ է, որը 90-ականների պատերազմի օրերին դարձավ տեղացիների անվտանգ երթևեկության վահան, ապահովեց անվտանգ հաղորդակցությունը, 2020-ի հուլիսի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ. հակառակորդի կողմից ճանապարհը չի դիտարկվում:
Գոռ Ավետիսյան - Ունենք վարչապետի հանձնարարական՝ Բերդ գնացող բոլոր հանրապետական ճանապարհները պետք է իրականացվեն ամբողջությամբ նոր որակով:
Շինարարները կշրջանցեն ճանապարհին գտնվող՝ պատմական արժեք ունեցող կամուրջը, նոր կամուրջ կկառուցեն: Անտառամիջյան ճանապարհը տեղացիներին հուշել է տուրիզմը զարգացնելու բիզնես ծրագրեր, գանձաքարցիներին հիշեցրել կես դար առաջ այստեղ «Մենք ենք մեր սարերի» նկարահանումները:
Տավուշում կառուցվում-վերակառուցվում է 110 կմ ճանապարհը՝ 80 կմ-ը, Բերդի տարածաշրջանին առնչվող: Մ-4՝ Երևան-Սևան-Ադրբեջանի սահման՝ Այգեհովիտ-Վազաշեն-Պառավաքար ճանապարհի 17 կմ-ը կնորոգվի հաջորդ տարի: Նախագծվում է Թթուջուր-Նավուր հանրապետական ճանապարհի վերակառուցումը: Հայտնի Սարի ճանապարհն է, որ կրկին տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը բացահայտելու գլխավոր ուղիներից է: Ավետիսյանի խոսքով՝ կառուցումը կսկսեն այս տարի, կավարտեն հաջորդ տարի:
Գոռ Ավետիսյան - Ընդհանուր երկարությունը 40 կմ է հիմնանորոգվող հատվածի, սկզբնական 15 կմ-ի նախագծանախահաշվային փաստաթղթերն ունենք, առաջիկայում կհայտարարենք մրցույթ: Հաջորդող 25 կմ-ի նախագծային մրցույթի ամփոփման փուլում ենք:
Ավետիսյանն ամփոփում է՝ 2022-23-ին կնորոգվեն Բերդի երեք հիմնական ճանապարհները: Շինարարություն է Դիլիջան-Ճամբարակ 35 կմ երկարությամբ ճանապարհին: Չհասած Թթուջուր, սողանքային հատվածը ևս կվերականգնվի: Նախագծանախահաշվային փաստաթղթերը փորձաքննության փուլում են: Հիմնանորոգվում է նաև Գոշավանքի ճանապարհը: Հայաստանն ունի 7 500 կմ միջպետական, հանրապետական, տեղական ճանապարհ: 47 մլրդ դրամ բյուջեով այս տարի ևս կկառուցվի, կվերակառուցվի 500 կմ ճանապարհ:
Գոռ Ավետիսյան - Եթե ճանապարհաշինության տեմպը շարունակվի, ապա 25-ից Հայաստանում 7 500 կմ ճանապարհները կլինեն բարվոք վիճակում:
Ճանապարհների շահագործման ժամկետը կախված է երթևեկության ինտենսիվությունից՝ նշում է ճանապարհային դեպարտամենտի ղեկավարը: Խորհրդային տարիներին եթե մեկ ճանապարհով տարեկան անցնում էր 3000 մեքենա, հիմա օրական է այդքան երթևեկում: 10 տարի առաջ Երևան-Սևան մայրուղով օրական երթևեկում էր 1500, հիմա՝ 25 հազար մեքենա: ճանապարհի մաշված շերտը, երթևեկի ինտենսիվությամբ պայմանավորված, կփոխեն ոչ թե 20՝ ինչպես նախկինում, այլ 7 տարին մեկ:
2018-ից ճանապարհաշինական աշխատանքները 15 անգամ ավելացել են՝ Ավետիսյանի վստահեցմամբ՝ որակի ամենօրյա հսկողությամբ:
Հեղինակ՝ Գայանե Թամամյան, Մայա Խաչատրյան